70 հա-ից ավելի տարածք զբաղեցնող Երեւանի կենտրոնական գերեզմանատանն առաջին հայացքից կողմնորոշվելն այնքան էլ հեշտ չէ: Թոխմախի գերեզմանոցի նեղ ճանապարհները տարեցտարի ավելի են նեղանում, իրենց գործն են անում նաեւ բնությունը, ժամանակն ու մարդը: «Ինչպե՞ս գտնել Հրաչյա Աճառյանի շիրմաքարը»` տիկին Անահիտը լավ գիտի:
«Պետք է ուղիղ վերեւ բարձրանանք: Ես շատ լավ գիտեմ` որտեղ է նրա գերեզմանը, որովհետեւ ես փոքր երեխա էի, ու հայրիկս, հիշում եմ, հուղարկավորությանը բերել էր ու մի անգամ էլ բերեց` պիտի քարի վրայի հարթաքանդակի բացումը լիներ»,- պատմում է Անահիտ Պողոսյանը:
Ճիշտ 60 տարի առաջ կյանքից հեռացավ ակադեմիկոս լեզվաբանը: Այսօր գերեզմանաքարին սրբապղծության հետքեր են ու Աճառյանի ստորագրությունը` դասական ուղղագրությամբ:
Վանդալների ձեռքով գերեզմանաքարերից անհետանում են պղնձե ձուլվածքներ ու բրոնզե քանդակներ` պրոֆեսորներ Ռուբեն Յոլյան, Խորեն Երիցյան, ակադեմիկոս Միխայիլ Թումանյան, գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Մելիք-Ադամյան: Սրբապղծության հետքերին գումարվում են աղբը, գերեզմաններին աճող խոտն ու ծառերը: Մոռացության հետքերն ամենուր են:
Երեւանում 21 գերեզմանատուն կա` 560 հա ընդհանուր տարածքով: Դրանց շահագործումն իրականացնում է «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությունը: Թե ինչպիսին է վիճակը գերեզմանատներում, կազմակերպության ինժիները լավ գիտի, բայց ոչինչ անել չի կարող:
«Գերեզմանատները մինչեւ աշխատանքային օրվա վերջը հսկվում են գերեզմանատների աշխատողների կողմից, դրանից հետո հսկողություն չկա: Միայն կենտրոնական գերեզմանատունը եթե հսկվի, կպահանջվի 1 ամսվա ընթացքում 350-400 հազար դրամ: Ըստ միլիցիայի տված տվյալների` գերեզմանատունը պետք է հսկվի օղակաձեւ ճանապարհներով, մեջը չեն մտնում»,- ասում է Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ ինժիներ Ռազմիկ Հարությունյանը:
Ամենամեծ ցանկության ու ջանքերի դեպքում անգամ Կենտրոնական գերեզմանատան 11 աշխատակիցները չեն կարող հսկողություն ապահովել: «Ամբողջ օրը ոտքի վրա եմ, չեք պատկերացնում իմ վիճակը երեկոյան»,-մեզ հետ զրույցում ասաց գերեզմանատան հսկիչներից մեկը, ով չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ:
Ռազմիկ Հարությունյանը կարծում է, որ գերեզմանագողությունը սոցիալական վիճակի պատճառով է, մինչդեռ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենը համոզված է` եթե հայ մարդու ձեռքը հասել է սրբավայր համարվող հանգուցյալի շիրմաքարին, ուրեմն այսօր մեր հասարակությունը շատ լուրջ խնդիրներ ունի:
«Եթե մենք գնում ենք նման քայլերի, պղծում ենք շիրմաքարերը, աղավաղում ենք հայերենը, ծանոթ չենք հայ գրականության գործերին, մեր մշակույթի արժեքներին, նշանակում է` մենք սկսում են հոգեւոր հայրենիքը լքել, հայրենիքը լքելը սկսվում է այստեղից»,- ասում է ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:
Հրաչյա Աճառյանի հիշատակի հանդեպ սա առաջին ոտնձգությունը չէ: Մի քանի տարի առաջ գողացել էին Աճառյանի բրոնզե կիսանդրին, որ տեղադրված էր Մաշտոցի պողոտայում գտնվող նրա բնակարանի մուտքի առջեւ: Այս տանը լեզվաբանն ապրել էր կյանքի վերջին տարիներին` 1940-53 թվականներին:
Փաստորեն գերեզմանների պահպանությամբ զբաղվում են հարազատները, բայց այստեղ հանգչող անվանի շատ մարդկանց շիրմաքարերից դատելով պարզ է, որ նրանց հարազատները վաղուց արդեն չկան: Աճառյանը ժառանգ չունի, մահացել է նաեւ նրա որդեգիր դուստրը, իսկ մեր երկրում չկա համապատասխան որոշում, որ նման լքյալ գերեզմանները պահպանվեն պետության կողմից:
«Քարի վրա կատարվում են հազար տեսակ այլանդակություններ: Եթե լույս կար, գտնում էին գերեզմանատան ներսում շպրիցներ, ծխախոտի մնացորդներ, կարտերի մնացորդներ, օղի, բաժակներ եւ այլ բաներ: Ես խորհուրդ չեմ տա լուսավորություն անցկացնել: Ավելի լավ է` մութ լինի, որ գոնե մի քիչ վախի զգացում ունենան»,- նշում է Ռազմիկ Հարությունյանը:
Վախը կդժվարացնի գործը, այլ ճիշտ դաստիարակությունը թույլ չի տա: Տիկին Անահիտն իր օրինակով կարծում է` անհրաժեշտ է բացահայտել մեր հարուստ գիտությունն ու մշակույթը նոր սերնդի առաջ, այնպես, ինչպես իր համար բացահայտեց Աճառյանին, երբ ընդամնեը 5 տարեկան էր:
«Ես չէի հասկանում` ով է Աճառյանը, բայց ըստ երեւույթին ճիշտ էր իմ հայրիկի վարքագիծը, որովհետեւ դա մնացել է իմ հիշողության մեջ: Ենթադրում եմ` ինչպես մեծացնում ենք երեխաներին, դա նրանց հիմքն է, ինչպես տան հիմքը, այնպես էլ դաստիարակությունը: Շատ ցավալի է, որ մենք կարող ենք մեզ էսպիսի բաներ թույլ տալ»,- նշում է Անահիտ Պողոսյանը:
Հ.Գ. Գունավոր մետաղների հանձնման կետերում 1 կգ պղինձն արժե 1800 դրամ, 1 կգ բրոնզը` 1100 դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել