Pastinfo.am-ը գրում է.

Մայիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ապարան քաղաքում ներկա է գտնվել և ելույթ ունեցել Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը:Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Շնորհավորելով ներկաներին` փոխվարչապետը, մասնավորապես, նշել է. «101 տարի առաջ հայ ժողովրդի հավաքական կամքն ու սեփական ուժերով իր ճակատագրի տերը լինելու վճռականությունը պարտադրեցին թշնամուն նահանջել և հիմքեր ստեղծեցին հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար: Այն ժամանակ խնդիր էր դրված ամրագրելու ապրելու մեր իրավունքը, ինչը մեր նախնիները իրականություն դարձրեցին: Գլուխ խոնարհելով այդ խնդիրը պատվով լուծած մեր հերոսների առջև՝ մենք վկայակոչում ենք մայիսյան հաղթանակների հիմքում ընկած արժեքները՝ խիզախությունը, հայրենասիրությունը և ազատատենչությունը:

Հզոր պետականություն, արդար և բարեկեցիկ հասարակություն ունենալը մեր ժողովրդի ներկա սերնդի կայացրած վճռական ընտրությունն է: Սա ևս բարդ ճանապարհ է, որն անցնելու համար մենք պետք է լինենք համախմբված, չհուսահատվենք ժամանակավոր դժվարություններից, շարունակենք հենվել մեզ առաջնորդող ազատատենչության, հայրենասիրության և խիզախության գաղափարների վրա:

Բաշ-Ապարանի ճակատամարտում տարած հաղթանակը յուրահատուկ է նաև նրանով, որ կողք կողքի կռվում էին մեր հասարակության բոլոր խավերը՝ հոգևորականությունը, բանակը, գյուղացիական աշխարհազորը, քաղաքական տարբեր հոսանքների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Սա մի կարևոր պատգամ է, որ այսօր պետք է իրականություն դարձնենք՝ Հայաստանը վերածելով ներառական աճի վրա հիմնված երկրի, որի հաղթանակները կլինեն բոլորի հաղթանակը:

Մենք գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը, գիտակցում ենք, որ հանդիսանում ենք ձեր հավաքական կամքի կրողն ու չենք ընկրկելու ոչ մի դժվարության առջև, քանի դեռ հնարավոր չի դարձել լիարժեք կայացնելու մեր երազած պետությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել