Factor.am-ը գրում է.

2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով Վալերի Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության համար։ Այս քրեական գործը հեղափոխությունից հետո նոր ընթացք է ստացել։ Հինգ տարի անց գործով անցնող վկաներից մեկը՝ Սարգիս Հովհաննիսյանը, վկայից մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել: Նրա ընտանիքի համար սա անհասկանալի է․ «Մենք ունեցել ենք վկայի կարգավիճակ՝ ես, մայրս ու եղաբայրս մինչև 2019 թվականի ապրիլի 8-ը, ինչպես կարող է մի մարդու գործողություն 2014 թվականին չդիտարկվել, որպես խուլիգանություն, իսկ 2019 թվականին դիտարկվի որպես խուլիգանություն»։ Սամվել Հովհաննիսյանը պնդում է, թե 5 տարի առաջ Սեդրակ Օսիպյանի դեմ ցուցմունք տված անձինք, որոնք նրան ամենայն մանրամասնությամբ հիշել և նկարագրել են, հիմա իրենց ցուցմունքներից հրաժարվում են՝ ակնարկելով, որ գործի վրա ազդեցություն կարող է ունենալ ներկայիս ոստիկանապետը: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բացառում է իր կողմից գործին միջամտությունը: Ասում է՝ անգամ եղբորորդու հետ չի շփվում, մինչև նա չապացուցի իր անմեղությունը: «Ես՝ որպես ոստիկանապետ, որպես բարձրաստիճան սպա, հայտարարում եմ՝ գործին չեմ խառնվում, առնչություն չունեմ»,- Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ոստիկանապետը։ Գործով անցնող վկաներից Սամվել Հովհաննիսյանը պնդում է, որ Վալերի Օսիպյանի հայտարարությունները, թե ինքը ոչ մեկի իր մոտ չի կանչել և գործի վրա չի ազդել, իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ Հովհաննիսյանի՝ Օսիպյանը դեպքից մի քանի օր անց իր մոտ է կանչել վկաներին ու փորձել ազդել նրանց վրա։ Ոստիկանապետը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ եթե Սամվել Հովհաննիսյանն ապացույցներ ունենար, վաղուց հրապարակած կլիներ: Սամվել Հովհաննիսյանն էլ հակադարձում է՝ ասելով, որ ապացույցները դատարանում կհրապարակի: Հովհաննիսյանների ընտանիքը դիմել է վարչապետին, դիմումներ է ներկայացրել նաև Ազգային ժողով, ասում են՝ բողոքի ակցիաներ էլ են իրականացնում և շարունակելու են իրականացնել, քանի դեռ եղբոր անմեղությունը չի ճանաչվել: Ի դեպ, հինգ տարի առաջ գործով տուժող ճանաչված դանակահարված Վանուշ Ալեքսանյանն ու նրա եղբայրը՝ Վիգեն Ալեքսանյանը, գործի վերաբացումից հետո արդեն մեղադրյալի կագավիճակում են: Նրանց խուլիգանության մեղադրանք է առաջադրվել: Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը մեր հարցին, թե գործի վերաբացումն արդյոք կապվա՞ծ է Վալերի Օսիպյանի բարձր պաշտոն ունենալու հետ, քանի որ վկան այդպիսի պնդում է անում, ասաց. «Եթե գործով անցնող անձինք ունեն ապացույցներ, որ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը, գործի վրա  ազդեցություն է ունեցել, թող դիմեն ՀՔԾ»: Նա նաև հավելեց, որ  նախաքննական մարմինը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել