Չինական Սինչուան նահանգի Վենչուան-Ուլուն արգելոցում հազվագյուտ խոշոր ալբինոս պանդա են նկարահանել: Սա նման կենդանու առաջին պատկերն է վայրի բնության մեջ, հաղորդում է South China Morning Post-ը:
Անտառում տեղադրված ավտոմատ տեսախցիկը բամբուկի արջին ֆիքսել է ապրիլի կեսերին: Նրա մարմնի վրա ոչ մի սև բիծ չկա, իսկ աչքերը վարդագույն են:
Պեկինի համալսարանի գիտաշխատող Լի Չենը նշել է, որ կենդանին մեկ-երկու տարեկան է: «Պանդան առողջ տեսք ունի և սահուն է քայլում: Սա նշանակում է, որ գենային մուտացիան, հնարավոր է, շատ չի բարդացրել կենդանու կյանքը»,- գիտնականի խոսքերը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը: Սակայն նա նշել է, որ նման կենդանիներին գիշատիչներն ավելի հեշտ են նկատում, և նրանք ավելի դժվար են տանում արևի պայծառ լույսը:
Մեծ պանդան արջերի ընտանիքին պատկանող ամենակեր կաթնասուն է: Բնակվում է Չինաստանի կենտրոնական լեռնային շրջաններում: Մինչև 2016-ն այն համարվում էր անհետացող, իսկ ներկա պահին՝ խոցելի տեսակ: Կենդանին Չինաստանի խորհրդանիշն է և գտնվում է պետության պաշտպանության ներքո. պանդայի սպանության համար մահապատիժ է սահմանված: