Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի և հրապարակախոս պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի քննարկման առարկան անցումային փուլում գտնվող պետությունների զարգացման հնարավոր հեռանկարներն են՝ արդիականացման սեփական կամ փոխառնված մոդելի, արագ փոփոխությունների հասնելու բանաձևի փնտրտուքը: Գաղտնիք չէ, որ անցումային փուլում գտնվող երկրները բնական պահանջ են դնում՝ գտնելու արագ զարգացման ինչ-որ բանաձև՝ աչքի առաջ ունենալով նաև մոդեռնիզացիայի հաջող պատմություն ունեցող երկրների ու ժողովուրդների հաջողված փորձը։

Ֆարմանյանը միանշանակ չի համարում տարածված տեսակետը, թե ցանկացած հասարակություն ունակ է գտնելու զարգացման սեփական ճանապարհը և հաջողությամբ անցնելու այդ ճանապարհը՝ հաշվի առնելով հասարակությունների մեկնարկային պայմանների, ազգային հոգեկերտվածքի առանձնահատկությունների, պատմաաշխարհագրական միջավայրի և պատմական իրողությունների տարբերությունների հանգամանքը: Նա նաև նշում է, որ թռիչքային զարգացման աշխարհին հայտնի հաջողված օրինակները, պատկերավոր ասած՝ տնտեսական հրաշքները, չեն կարող մեխանիկորեն պատճենվել և կիրառվել պատմաքաղաքական ու պատմաաշխարհագրական լրիվ այլ միջավայրերում ու այլ երկրներում, քանի որ յուրաքանչյուր պետություն ունի իր խնդիրների միայն իրեն բնորոշ առանձնահատկություններն ու լուծման սպեցիֆիկ առանձնահատկությունները:

Տեր-Աբրահամյանը, վկայակոչելով պատմությունը, փաստում է, որ յուրաքանչյուր պետություն և հասարակություն որևէ շրջափուլում կանգնում է մոդեռնիզացիայի իրականացման խնդրի առջև: Նա կարծում է, որ մոդեռնիզացիան գործընթաց է՝ բաղկացած հասարակությունների զարգացման հաջորդական փուլերից: Եվ այս առումով հնարավոր փոփոխությունները կազմակերպելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե տվյալ հասարակությունը ինչպիսի գործընթացներ է ապրել և փոփոխությունների որ էտապում է գտնվում:

Նա նշում է, որ Հայաստանն անցել է սովետական մոդեռնիզացիա և այդ ճանապարհին ունեցել զգալի ձեռքբերումներ, սակայն Հայաստանը, լինելով սովետական մոդեռնիզացիայի ոչ առանցքային դերակատար, անցել է մեխանիկական փոփոխությունների ճանապարհով, ինչի հետևանքով ունեցել է լուրջ կորուստներ ևս: Մասնավորապես, Սովետական Միությունը, ունենալով անվտանգության գերխնդիր, մոդեռնիզացիայի ճանապարհն անցել է կոշտ, երբեմն նաև ռազմական ճանապարհով, ինչը լուրջ հետևանքներ է ունեցել հայաստանյան հասարակական հարաբերություններում: Սովետական մոդեռնիզացիայի ընթացքում հայաստանյան հասարակության առանցքային կորուստներից մեկը Տեր-Աբրահամյանը համարում է հանրային ինքնակազմակերպման ձևերի փոշիացումը և որպես հետևանք՝ անհատների հասարակության ձևավորումը:

Բանախոսները կարևորում են Հայաստանի արդիականացման բանաձևի շուրջ քննարկումները, այդ  ճանապարհին համաշխարհային հաջողված օրինակների դիտարկումը, նաև դրանցում առկա առանձին բաղադրիչների հնարավոր կիրառումը, բայց ոչ երբեք մեխանիկական պատճենահանման եղանակով։ Համաշխարհային օրինակելի փորձի ու մոդելների դիտարկումը բանախոսները համարում են կարևոր, սակայն շեշտում, որ այն ոչ բավարար պայման է հաջողություն գրանցելու համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հասարակության էթնիկ, պատմական, տնտեսական և այլ առանձնահատկությունները։ Նույնկերպ, բանախոսների կարծիքով, Հայաստանի անկախացումից հետո հանրային գիտակցության մեջ լայն տարածում ստացած տեսակետը, թե Հայաստանի արագ զարգացման կամ արդիականացման համար բավարար է պատճենել արևմտյան չափորոշիչները, բովանդակազուրկ են և չեն կարող հանգեցնել սպասվող արդյունքին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել