«Այս տարվա առաջին եռամսյակում վիճակագրական կոմիտեն Հայաստանում արձանագրել է 7,1 տոկոս տնտեսական աճ: Խոսքը նախնական գնահատականի մասին է, բայց պետք է ենթադրել, որ հետագայում այն էական փոփոխության չի ենթարկվի: Սովորաբար այդպես է լինում:

Արձանագրված 7,1 տոկոս աճը, անշուշտ, վատ ցուցանիշ չէ, ոչինչ, որ այն զիջում է նախորդ տարվա մակարդակը:

Հիշեցնենք, որ 2018թ. առաջին եռամսյակում, երբ Հայաստանում դեռևս իշխանափոխություն չէր եղել, տնտեսական աճը կազմեց 9,6 տոկոս: Իշխանափոխությունից հե­տո այն աստիճանաբար նվազեց և արդեն տարվա արդյունքներով կազմեց 5,2 տոկոս:

Վիճակագրության ցուցանիշներով այս տարվա առաջին եռամսյա­կում տնտեսական աճի տեմպը վերստին ավելացել է: Թեև իրական կյանքում, այդ թվում՝ տնտեսության մեջ, ակտիվություն չի նկատվում:

Խոսքն այն մասին չէ, որ տնտե­սական աճի արդյունքները հասա­րակությունը պետք է միանգամից զգա: Հասկանալի է, որ երեք ամիսը շատ կարճ ժամանակահատված է դրա համար: Խնդիրն իրական զար­գացումների մասին է, որոնք տեսա­նելի չեն: Ինչ-ինչ պատճառով այսօր գուցե և ցուցանիշներն աճում են. ունենք վիճակագրական աճ. բայց նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է դա լուրջ ձեռքբերում հա­մարել:

Տնտեսության որակական աճ Հա­յաստանում չկա: Մեծ ճիգեր, պետք չեն դրանում համոզվելու համար: Բայց մինչ այդ ևս մեկ դիտարկում, առաջին եռամսյակում արձանա­գրված տնտեսական աճը նույնիսկ գերազանցել է տնտեսական ակտիվությանը: Ինչպես հայտնի է՝ տա­րեսկզբի երեք ամիսներին պաշտոնական վիճակագրությունը հայտա­րարել էր Հայաստանում ընդամենը 6,5 տոկոս տնտեսական ակտիվու­թյան մասին:

Ու հիմա պարզվում է այդ նույն ժամանակահատվածում տնտեսա­կան աճը կազմել է 7,1 տոկոս: Նախ­կինում սովորաբար հակառակն էր՝ տնտեսական ակտիվությունն ավե­լի բարձր էր լինում, քան տնտեսա­կան աճը:

Ինչևէ, տնտեսական աճի վերա­բերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակումը կարծես թե շատ է ոգևորել վարչապետին: Նա հույս ու­նի, որ այս տեմպով գնալու դեպ­քում՝ շուտով հնարավոր կլինի նաև վիճակագրորեն հայտարարել տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:

«Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ունենք համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ: Ու­զում եմ ընդգծել, որ սա ոչ թե տնտե­սական ակտիվության ցուցանիշն է, այլ արդեն իսկ արձանագրված հա­մախառն ներքին արդյունքի աճը: Սա շատ հուսադրող ցուցանիշ է, ին­չը մեզ հույս է տալիս, որ մենք ճիշտ վարվելու դեպքում կհասնենք այն ցուցանիշներին, որոնցով արդեն նաև վիճակագրորեն տնտեսական հեղափոխությունը կկարողանանք համարել մեկնարկած»,- ասում է վարչապետը:

Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին տնտեսական հեղափոխությունը հիմնավորել նաև վիճակագրորեն, թե՞ ոչ, այնքան էլ էական չէ: Փաստն այն է, որ արձանագրված 7,1 տոկոս տնտեսական աճն իրա­կանում որևէ ոգևորության հիմք չի տալիս: Ընդհակառակը՝ դրանից ավելի շատ պետք է մտահոգվել, քան թե ոգևորվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել