Էսօրվա ամփոփումը

Մաս 1 - Ակցիան

1. Հուսով եմ՝ ոչ ոք սա չի համարում «ինքնաբուխ» հավաք, քանի որ հավաքը կազմակերպված էր վարչապետի կողմից։

2. Հավաքը չի կարող համարվել նաև «շտապ», քանի որ չի համապատասխանում օրենքով շտապ հավաքների համար նախատեսված չափանիշներին։

3. «Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն՝ հավաքն արգելվում է, եթե այն անցկացվելու է դատարաններից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը (հոդված 19, մաս 1, կետ 3)։

4. Նույն օրենքի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է չխոչընդոտել շենքերի, շինությունների ազատ մուտքն ու ելքը (հոդված 30, մաս 1, կետ 6):

5. Արձանագրենք, որ 1000-1500 հոգին արդեն լրիվ բավարար են դատական համակարգը պարալիզացնելու համար։

6. Հավաքի արդյունքում տուժեց ոչ թե դատական համակարգը, այլ էն մարդիկ, ովքեր նիստեր ունեին։

7. Վարչապետն ընդունեց, որ հավաքը սիմվոլիկ բնույթ ուներ։

8. Ոստիկանությունն իրեն դրսևորեց որպես անատամ կառույց, որը ոչ թե պահպանում էր հասարակական կարգը, այլ խանգարում էր դատարան մտնել ցանկացողներին։

9. Վարչապետն իր ասելիքը կարար ասեր նաև առանց հավաքի։ Սա զուտ «ուժի ցուցադրում» էր։ Ես չհասկացա՝ ինչ կարիք կար բլոկելու դատարանների շենքերը։

10. Հավաքի նպատակն էր արձանագրել անկախ դատական համակարգ ունենալու «ժողովրդական պահանջը»։ OK: 1000-1500 հոգի ունեն նման պահանջ։ Արձանագրեցինք։ Եթե հավաքի մասնակիցներին հարցնեինք հավաքի նպատակը, վստահ եմ՝ մեծամասնությունը կասեր՝ վարչապետին ենք աջակցում (առանց խորանալու ու հասկանալու)։

11. Վարչապետը ֆիքսեց, որ հավաքի պատճառով «ինչ-որ դատական գործեր մի քանի ժամով հետաձգվել են»։ Հիասթափեցնեմ։ Մի քանի ժամով չէ, այլ, օրինակ, 1-2 ամսով։ Դատական նիստերը սովորաբար 1-2 ամիս առաջ պլանավորված են լինում, ու ոչ մի դատավոր էնքան «պարապ» չի, որ հետաձգված նիստերն արագ վերանշանակի (էն էլ՝ մի քանի ժամում)։ Եթե նույնիսկ արագ վերանշանակի, ապա կողմերը «օպերատիվ» կերպով չեն կարող ծանուցվել նոր նիստի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել