168.am-ըգրում է.

Տարբեր հարթակներում վարչապետ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը որակվեց որպես Սահմանադրական կարգի տապալում:

Այսօր Փաստաբանների պալատը հրատապ նիստ էր հրավիրել՝ քննարկելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ:

168.am-ը մեկնաբանություն խնդրեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից:

Արդյո՞ք Փաշինյանի հայտարարությունը Սահմանադրական կարգի տապալման փորձ կարելի է որակել՝ մեր հարցին՝ Զոհրաբյանն արձագանքեց.

«Այս պահին ձեռնպահ կմնամ այլ մեկնաբանություն անելուց: Մենք մեր հայտարարության տեքստում լրիվ հղումները տվել ենք՝ նաև Սահմանադրության 4-րդ հոդվածի հետ կապված մեր մտահոգությունն ենք հայտնել , որովհետև օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները պետք է բաժանման և հավասարակշռման սկզբունքների հիման վրա գործեն: Իսկ սա, բնականաբար, նման ռիսկ կարող է առաջացնել, բայց նաև վաղը երևի պարզ կլինի: Վաղվա օրն ամեն ինչ ցույց կտա: Բոլոր դեպքերում մենք ՝ որպես մասնագիտական համայնք, մեր դիրքորոշումը նախապես հայտնեցինք, որպեսզի եթե գործադիր իշխանության ներկայացուցիչներն, օրինակ, այդ տեսակետից չեն նայել խնդրին և դրա վտանգներին, ապա հնարավորություն ունենան դա նայեն, դիտարկեն և, բնականաբար, սխալներ թույլ չտան»:

Որպես ՀՀ քաղաքացի՝ Արա Զոհրաբյանն արդյո՞ք տեսնում է քաղաքացիական պատերազմի վտանգ, ինչպես շատերը պնդում են: Այս հարցին ի պատասխան նա նկատեց.
«Ընդհանրապես ցանկացած գործողություն, որը սպառնում է լինել ոչ իրավական, հղի է անկանխատեսելի հետևանքներով: Պետք է ամեն ինչ անել, որ բոլոր գործողությունները լինեն օրենքի տիրույթում, հակառակ դեպքում՝ իրոք բացասական հետևանքներ կարող են լինել: Թե ինչ՝ եկեք, որպես քաղաքացի նաև, այս պահին կարծիք չհայտնեմ»:

Իսկ այդ հետևանքների ու իրավիճակի պատասխանատուն ո՞վ է լինելու՝ մեր դիտարկմանը Փաստաբանների պալատի նախագահի դիրքորոշումը հետևյալն էր.

«Ցանկացած իրավիճակում՝ կլինեն նախորդ իշխանության ժամանակահատվածում, ներկա, թե ապագա՝ միշտ էլ իշխանություններն են պատասխանատու երկրում տեղի ունեցող իրավիճակի համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել