Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին և շտապել է մեկնել Չինաստան, որտեղ որ կազմակերպվել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը։ Չինաստանում Փաշինյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ և քննարկել հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր։ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը հայտնի է որպես Նոր մետաքսի ճանապարհ:

Ընդհանուր առմամբ, Փաշինյանի հայտարարությունները դեկլարատիվ բնույթ են կրել, քանի որ երբ մի քանի շաբաթ առաջ Պեկինում տեղի էր ունենում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծին նվիրված համաժողովը, որի ընթացքում առարկայական հարցեր էին քննարկվում, Փաշինյանը բացակայում էր: Արդեն հիմա, անսալով քննադատություններին, Փաշինյանը փորձում է ուժեղացնել արտաքին քաղաքականությունը չինական ուղղությամբ, բայց էլ ո՞ւմ է պետք ներկած ձուն Զատկից հետո:

Բովանդակային առումով Փաշինյանի այցն այնքան դժգույն է, չկան նոր ձեռք բերված պայմանավորվածություններ, և համատեղ ծրագրերը հանրությանը ներկայացնելու փոխարեն ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջով գովերվում է 150-ամյա չինական ռեստորանի ուտեստները: Փաշինյանն այդպես էլ չի ըմբռնում, որ ինքը Չինաստան է մեկնել ոչ թե որպես ուտեստների դեգուստատոր, այլ որպես պետական գործիչ, ով գործնականում պետք է քայլեր ձեռնարկի երկու ժողովուրդների միջև կապերը խորացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել