Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել, որտեղ նա հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ: Ալիևի այցի ընթացքում քննարկվելիք հարցերի թվում է Հարավային Կովկասում էներգետիկ նախագծերի խնդիրը, մասնավորապես՝ «Հարավային գազային միջանցք» նախագիծը: 
Ալիևի եվրոպական այցը հետաքրքրական է մի քանի տեսանկյունից: Նախ, այս օրերին Եվրոպայում է նաև Սերժ Սարգսյանը, ով իր արձակուրդն է անցկացնում այնտեղ, իսկ հունիսի 20-ին էլ ժամանել է Վիեննա և մասնակցել ԵԺԿ-ի գագաթնաժողովին: Մյուս հետաքրքրական կողմն այն է, որ այս օրերին գազային, էներգետիկ թեման Հարավկովկասյան տարածաշրջանում բավականին ակտիվ է, և այդ ակտիվության մեջ բավականին մեծ դերակատարում ունի Հայաստանը: Իհարկե առայժմ դժվար է ասել, որ այդ դերակատարումը ոգևորիչ է, որովհետև մի կողմից՝ Հայաստանը Ռուսաստանի հետ է գազային բանակցությունների մեջ, մյուս կողմից՝ հարևան Իրանն է Հայաստանին բավական ցցուն դիտողություններ անում և պահանջներ ներկայացնում էներգետիկ և մասնավորապես՝ հենց գազային թեմայով՝ անելով մի քանի աղմկոտ հայտարարություններ: Մեկ այլ հետաքրքրական ասպեկտ է նաև այն, որ մի քանի օր առաջ Ադրբեջանից հնչել էր բավականին տարօրինակ հայտարարություն այն մասին, որ Բաքուն պատրաստ է Հայաստանին գազ մատակարարել, իհարկե՝ եթե Հայաստանը խնդրի, չէին մոռացել շեշտել Բաքվում: Իսկ Հայաստանն, իհարկե, չի խնդրի, և դա ամենամղձավանջային երազում պատկերացնելն անգամ անհնար է։ Սակայն այն, որ Բաքվի մտքով իսկ անցել էր նման հայտարարություն անել, արդեն հետաքրքիր է զուտ մտապահելու համար՝ հավելյալ դատողությունները թողնելով հետագա զարգացումներին: 
Այս ամենի ֆոնին Ալիևի բրյուսելյան այցում «Հարավային գազային միջանցք» նախագծի քննարկումը ստանում է առավել ուշագրավ երանգ, ինքնին արդեն իսկ լինելով հետաքրքրական: Հասկանալի է, որ Եվրոպային այդ միջանցքը պետք է Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու, հոսքերը դիվերսիֆիկացնելու համար: Պարզ է նաև, որ Ռուսաստանն ամեն կերպ դեմ է արտահայտվելու հնարավոր նման նախագծերին, եթե իհարկե դրանցում չունի ծանրակշիռ մասնակցություն: Եվ այն, որ հենց այս օրերին «Գազպրոմը» և Հայաստանը բանակցում են «Հայռուսգազարդի» հայկական վերջին 20 տոկոս բաժնեմասի շուրջ, ամենայն հավանականությամբ, հանդիսանում է «Գազպրոմի» ակնարկը Եվրոպային, որ ոչ միայն մտադիր չէ զիջել տարածաշրջանի գազային պայքարում, այլ նույնիսկ էլ ավելի է ագրեսիվացնում իր քաղաքականությունը: 
Միևնույն ժամանակ հետաքրքրական է Իրանի ակտիվությունը, և այստեղ հարց է, թե ինչ հեռանկարով և հաշվարկով է Թեհրանը սկսել այդ ակտիվությունը: Իրանն ակնհայտորեն ներկայացնում է տարածաշրջանի գազային քարտեզի հիմնական խաղացողի հայտ՝ հավանաբար նկատելով, որ տարածաշրջանի գազային քարտեզի վերաձևման ուղղությամբ ընթանում են նոր գործընթացներ: Սակայն պարզ չէ, թե ինչ է ուզում կամ ակնկալում Իրանը, ում հետ է պատրաստվում խաղալ: Առայժմ Իրանի մեսիջների ուղղակի հասցեատերը Հայաստանն է, բայց դրանք ,անշուշտ, ունեն նաև անուղղակի հասցեատերեր: Պարզ չէ միայն, թե նրանց որտեղ է տեսնում Թեհրանը՝ Մոսկվայո՞ւմ, Բրյուսելո՞ւմ, թե՞ Վաշինգտոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել