Օրը սկսենք ուրախ լուրով:
Ֆուտբոլի մասսայականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր: Առաջին փուլի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս, և ըստ հաստատված հերթականության՝ շինաշխատանքները սկսվելու են հետևյալ համայնքներում՝ Արարատի մարզի Արարատ գյուղ, Վայոց Ձորի մարզ՝ Վայք, Ջերմուկ, Գլաձոր, Մալիշկա, Արտաբույնք (բնակավայր), Արենի, Խաչիկ, Ելփին, Աղավնաձոր և Զառիթափ համայնքներ, Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ, Ծովագյուղ, Լճաշեն, Հայրիվանք, Նորադուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Երանոս, Լիճք, Գեղհովիտ, Աստղաձոր, Արծվանիստ, Ծովակ, Ակունք և Մեծ Մասրիկ համայնքներ:
Հավելեմ նաև, որ 40/20 չափի խաղադաշտերը կառուցվելու են ՀՖՖ-ի կողմից, որից հետո նվիրաբերվելու են համայնքներին։ Այս ծրագրի նպատակը հատկապես գյուղական համայնքներում ֆուտբոլ խաղալը հասանելի դարձնելն է: ՀՖՖ նախագահի կողմից ֆեդերացիայի աշխատակազմի առաջ դրված այս խնդրի կատարումը թույլ կտա գալիք տարին Հայաստանի ողջ տարածքում ունենալ շուրջ 500 ֆուտբոլային խաղադաշտեր, և դրանց գերակշիռ մասը լինելու է գյուղական համայնքներում: Բարի երթ բոլորիս, առաջ դեպի ֆուտբոլային փայլուն ապագա, և այն հաստատ գալու է, քանզի ֆուտբոլը զարգացնելու համար այն պետք է նախ հասանելի լինի հնարավորինս շատ թվով մարդկանց: