Օրերս բոլորեց ՀՀ նոր իշխանությունների ձևավորման մեկ տարին։ Այդ ընթացքում Հայաստանում իրականացվող պետական քաղաքականությունը, չնայած իշխող ուժի չարչրկված կարգախոսներին, լայնորեն ներառում է իրավունքը բացահայտորեն ոտնահարող գործիքակազմ՝ ընդհանուր առմամբ միտված չլինելով հանրության առջև ծառայած իրական խնդիրների հաղթահարմանն ու կառավարման որակի բարելավմանը։ Այդ ապակառուցողական միտումը ժամանակի մեջ, ցավոք, մեղմացման նշաններ ցույց չի տալիս, ուստի ձեռնամուխ ենք լինում իրավապաշտպանական միջոցներով դրան ակտիվ հակազդելուն։

Վերոգրյալ նկատառումներով պայմանավորված՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը սկսում է #Հետևանք նախաձեռնությունը, որը նպատակ ունի՝

1. Փաստագրելու և հանրայնացնելու մարդու հիմնարար իրավունքների խախտման՝ հասարակության համար դեռևս անհայտ դրսևորումները,

2. Իրավական գնահատականներ տալու քաղաքական բովանդակություն ունեցող մարդու հիմնարար իրավունքների խախտումներին,

3. Հաշվառելու իրավակիրառական գործառույթ իրականացնող այն պաշտոնատար անձանց, որոնք իրավունքը փոխարինում են «քաղաքական նպատակահարմարությամբ»՝ թույլ տալով մարդու իրավունքների կոպիտ խախտումներ,

4. Միջազգային կառույցներին համակարգված ձևով ներկայացնելու Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը։

«Հետևանք» նախաձեռնության շրջանակներում իրավաբանական խորհրդատվության և իրավապաշտպանական աջակցության ձևաչափերով պատրաստ ենք գործակցել ապօրինությունների և իրավական կամայականությունների ենթարկված անձանց և նրանց փաստաբանների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել