• Որպես ԼՂ հակամարտության հարցի տեսական հետազոտությամբ քիչ թե շատ զբաղված մարդ՝ կարող եմ վստահեցնել, որ լիբերալ մտածողության ու փիլիսոփայության ծիրում տեղավորվող բանակցային դիսկուրսները թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից գերազանցապես գեներացվել են արտաքին լսարանի համար։ Օրինակ՝ երբ մենք տարիներ շարունակ տարբեր խողովակներով ասել ենք, որ հակամարտության լուծման համար պետք են վստահության ամրապնդման մեխանիզմներ՝ լինի դա ռազմաճակատում թե հասարակությունների միջև, մենք դա արել ենք զուտ բանակցային քայլ նվաճելու, անհաճո զիջումների պարտադրանքի առաջ չկանգնելու և պարզ ասած՝ թանկարժեք ժամանակ շահելու համար։ Այսինքն՝ լիբերալ դիսկուրսի շահագործումը նպատակ է ունեցել արևմտյան աշխարհի առաջ լեգիտիմացնելու խիստ ռեալիստական նպատակադրումներից բխող արտաքին քաղաքական վարքը։ Ներքին քարոզչության դաշտում այսօրինակ տեքստեր երբեք չեն խթանվել։
• Կուզեմ արձանագրել նաև, որ եթե վերանալու լինենք քարոզչական դաշտից և խոսենք զուտ գիտության մասին, ապա այս տեսանկյունից «մենք կռվում ենք, քանզի իրար չենք ճանաչում, մեր ներսում միմյանց մասին կերպարային կարծրատիպեր են, ժողովուրդները պետք է վստահեն իրար» տիպի պնդումները ո՛չ մի աղերս չունեն ճշմարտության հետ։ Սրանք լիբերալ և ձախական դիսկուրսների ներքո բուծված ոչ պակաս քարոզչական թեզեր են՝ հեռու գիտականությունից, և ավելի շատ հիշեցնում են այն, ինչ ես անվանում եմ «գանգուղեղի սուր բրոշյուրիզմ»։ Իրականում Աստծո կողմից ինձ տրված երկու ձեռքերը կհոգնեն, եթե սկսեմ թվարկել անցյալի ու ներկայի բոլոր այն ժողովուրդներին, որոնք իրար հետ շփվել են, երկխոսել, ամուսնացել, վստահել ու անգամ՝ ընդօրինակել, սակայն նրանց պետությունները բարիդրացիական հարաբերությունների մեջ չեն եղել, իսկ հաճախ էլ՝ պատերազմել են։
• Անհամեստություն թող չթվա, բայց ասվածս խիստ կարևոր եմ համարում՝ հաշվի առնելով պատերազմի և խաղաղության հարցով մեր ժողովրդի շրջանում ներկայումս առկա անորոշ ընկալումները, առանձին քաղաքական ուժերի, ինչպես նաև թշնամու (նորից տե՛ս վերի հղումները) կողմից թեմայի շահարկման փորձերը և բնակչությանն սթափ խոսքի առաքման կարևորությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/2276656255714180
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել