Հատկապես Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին սաուդական մեդիայի աննախադեպ լայն անդրադարձից հետո մեզանում կրկին ակտիվացավ արաբական, իսլամական աշխարհի ամենաազդեցիկ երկրի՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու թեման:
Այս տարի սաուդական մի քանի լրատվամիջոցներ Մեծ եղեռնի թեման լուսաբանել են բավական հետաքրքիր շեշտադրումներով՝ արխիվային փաստաթղթերի, լուսանկարների տարածման, փորձագիտական կարծիքների շրջանառման, նաև Թուրքիայի իշխանությունների ժխտողական կեցվածքը քննադատելու միջոցով և այլն: Իսկ ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիդ Բուխարին այցելել էր Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսարան և հանդիպել Արամ Ա-ի հետ և Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչ խոսք, սաուդական քարոզչամեքենայի նման կեցվածքը նախ և առաջ պետք է պայմանավորել Անկարայի և ալ-Ռիադի միջև հարաբերությունների սրացմամբ, որը դրսևորվում է մի կողմից տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների համատեքստում, մյուս կողմից և հատկապես՝ սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոկջիի՝ 2018 թ. հոկտեմբերին Ստամբուլում սաուդյան հյուպատոսության տարածքում աղմկահարույց սպանության միջադեպի հետ կապված զարգացումներում: Թուրքական կողմը լրջագույն քաղաքական, քարոզչական արշավ է իրականացնում հատկապես սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի դեմ:
Բայց և այնպես, հերթական անգամ հայ ժողովրդի ազգային ողբերգության թեման Անկարայի հետ հարաբերություններում օգտագործելու զազրելի փորձից բացի՝ ուշագրավ զարգացումներ կարող են տեղ գտնել Սաուդյան Արաբիա-Հայաստան հարաբերություններում: Բանն այն է, որ, իմ ունեցած հավաստի տեղեկություններով, Ալ-Ռիադը պատվիրակել է Հայաստանում հավատարմագրված արաբական երկրներից մեկի դեսպանությանը՝ միջնորդելու Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում: Կդժվարանամ հստակ կանխատեսումներ կատարել հետագա զարգացումների առնչությամբ, բայց փաստ է, որ սաուդական կողմից նման ուղերձներ գալիս են արդեն ավելի քան կես տարի: