
Երբ պատգամավորը լրագրողին դեմքի լուրջ արտահայտությամբ ասում է, թե հարցազրույցների համար այսուհետ պետք է վճարես, դա վկայում է երկու բանի մասին`
1. Պաշտոնական դիրքի չարաշահման
2. Սեփական ժողովրդի նկամամբ անարգանքի և արհամարհանքի:
Լավ, դժվա՞ր է հասկանալ, որ եթե պատգամավոր չլինեին, լրագրողի դարդը չէր կտրի լսել նրանց մտքի գոհարները ու ստիպված և պարտավորված դրանք փոխանցել հանրությանը: Իսկ ո՞ւմ միջոցով են պատգամավոր դարձել: Այո, նույն հանրության, թեպետ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կարծիքներն իրարամերժ են: Կա նաև 3-րդ տարբերակը: Գուցե վճարելու մասին խոսք են բացում, որ լրագրողները քիչ անհանգստացնեն, քանի որ չի բացառվում, որ քիչ թե շատ կրթված ծանոթներից մեկն ասած լինի, թե «վերջին հարցազրույցիցդ հետո ամոթից գետինը մտա»:
Պատգամավորին ընտրողը Ազգային ժողով է ուղարկում ոչ թե ուրիշի փոխարեն կոճակ սեղմելու կամ լրատվամիջոցների հաշվին հարստանալու, այլ այս կամ այն ցավոտ հարցը օրենսդրորեն կարգավորելու և հաշվետու լինելու համար: Այնպես որ քարերը փեշերից թափեք և հարցազրույցները տվեք անվճար, այլապես ստիպված կլինեք անվճար հարցազրույց տալու համար խնդրել, չէ՞ որ հարցին, թե ինչու եք միակողմանի ներկայացրել այս կամ այն պատգամավորի քաջագործությունն ու օյինբազությունը, լրատվամիջոցի պատասխանը մեկն է լինելու - նրա կարծիքը լսելու համար «Օգնենք պատգամավորներին» հիմնադրամում դեռևս բավարար գումար չի հավաքվել: