Նայում եմ վարչապետի ասուլիսը ու զարմանում: Վարչապետը փաստեր ներկայացրեց, որի հիմքում ընկած արդյունքներին հասնելու համար հատկապես լուրջ ջանք էլ չէր պահանջվելու:

Վարչապետը խոսում է աշխատավարձերի միայն հատվածական բարձրացման մասին, այնինչ քաղաքացիներն ակնկալում էին, որ դա պետք է լիներ համատարած: Բացի այդ՝ աշխատավարձերի բարձրացման մասին նախատեսվում էր դեռևս անցյալ տարվա սկզբին, երբ իշխանափոխություն չէր եղել:

Հիմա, օրինակ, վարչապետն իր համար ձեռքբերում է ներկայացնում ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը, որը լինելու է սեպտեմբերից, սակայն երևի վարչապետը մոռացել է կամ չի հիշում, որ ուսուցիչների աշխատավարձը պետք է բարձրանար դեռևս հունվարին, բայց հետաձգվեց, և չի բացառվում, որ հիմա էլ կարող է հետաձգվել:

Եթե շարժվենք վարչապետի տրամաբանությամբ, ապա կարող ենք կառավարության համար ձեռքբերում ներկայացնել օրինակ, որ այս տարի ցրտահարությունը մեր այգիներին վնաս չի հասցրել, կամ գարուն է եկել, և ծառերը ծաղկել են:

Վարչապետը նույն լոլոներն է ասում, ինչ նախորդ ասուլիսների ընթացքում, և իր վրայից գցում պատասխանատվությունը: Այնպես որ, քաղաքացիներն իզուր են հույսեր փայփայում, թե երկրում դրական փոփոխություններ են լինելու, ամեն մարդ թող իրա գլխի ճարը տեսնի, հաղթահարի իր գլխի աղքատությունը, քանի որ Փաշինյանին միայն իր իշխանությունն է հետաքրքրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել