Գազի գնի բարձրացումից խոսվեց բավականին շատ, բայց այս դրա հիմնական ուղերձը բավականին չափով բարձրաձայնվեց: 
Ինչու՞ հանկարծ ռուսական կողմը որոշեց առանց որևէ ակնհայտ պատճառի, շուկայի տրաբանությունից դուրս բարձրացնել գազի գինը: Միանգամայն հստակ կարելի է ասել, որ սրա հիմնական պատճառը «Գազպրոմի» կամ «Հայռուսգազարտի» աշխատակիցների «ցածր» աշխատավարձերի բարձրացումը չէր, ինչպես փորձվեց ներկայացնել: 
Պատկերը միանգամայն պարզ կդառնա, եթե սա համադրենք մի քանի իրադարձությունների հետ, որ տեղի ունեցան նույն ժամանակային ցիկլում. խոսքը Լավրովի մամլո ասուլիսի մասին է, երբ վերջինս ԼՂՀ-ն ադրբեջանական գրավված տարածք է անվանում և հետո հանդես չի գալիս ո՛չ հերքմամբ, ո՛չ էլ ներողությամբ: Սա իրականում լրջագույն հարց է, որին, ցավոք, չարձագանքեցին մեր արտգործնախարարությունից, անգամ ձևի համար պարզաբանում չպահանջեցին, այնինչ սա ամենաքիչը ռազմավարական դաշնակցությունը վերանայելու պատճառ պետք է հանդիսանար: 
Վերջերս Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիոնավոր դոլարների ռազմամթերք հատկացվեց: Սա արդեն վերջնական ազդակն էր, որը ըստ ռուսների պետք է որ վերջնականապես հասկացնել տար մեր իշխանություններին, թե ո՞վ է իրավիճակի միակ տերը, և որ Հայաստանը գրեթե բոլոր ոլորտներում կախված է հենց Ռուսաստանից: Էներգետիկայի ոլորտը մեզ մոտ տնօրինում է Ռուսաստանը՝ ատոմակայանի բաժնետոմսերի մեծ մասը հենց նրանցն է, գազի ներկրման ոլորտում մենիշխանություն է (Իրանի գազամուղը եղանակ չի ստեղծում՝ հաշվի առնելով, որ մեր կառավարության թեթև ձեռքով դրա չափերը չեն բավարարի երկրի անգամ հիսուն տոկոսին գազ մատակարարելու համար): Ռազմական առումով ամեն ինչ պարզից էլ պարզ է: Տնտեսությունն էլ.. տնտեսությու՞ն. մենք տնտեսություն չունենք, հարգելիներս, արհեստականորեն ստեղծված մենաշնորհների ու ռուսական նկուղներում կերտված օլիգարխների միախառնումը լավագույն դեպքում կոմսոմոլի ժամանակի բազառ կարելի է համարել, բայց ոչ երբեք տնտեսություն կամ տնտեսական շուկա: 
Այս ամենը մեր երկրի երեսին շպրտելով` անկասկած փորձ է արվում հնարավորինս արագացնել Հայաստանի Մաքսային միության՝ԽՍՀՄ-ի ստվերը հիշեցնող այս կառույցի մաս կազմելու գործընթացը: Ինչն էլ կտանի Հայաստանի վերջնական գավառացմանը, մեր երկիրը կվերածի ուղղակի ռուսական «պալիգոնի»: Երբ թվում է, թեկուզ շատ ու շատ տարիներ հետո, բայց Հայաստանը այնուամենայնիվ մաս է կազմելու եվրոպական ընտանիքին, մեզ մոտ էլ է մի կերպ ձևավորվելու լիբերալ շուկա՝ ազատ մենաշնորհներից, հիմնված միայն ազատ մրցակցության վրա: Երբ թվում է, թե մի օր մենք էլ գուցե շենգենյան գոտի կմտնենք, կունենանք լիբերալ արժեքներ, հիմնարար մարդկային ազատություններ, մեզ ստիպում են գնալ հետ՝ դեպի խավար, լճացում: 
2012թ.-ին վարչապետի հայտարարությունները ոգևորող էին. մասնավորապես նա ընդունում էր միության մաս կազմելու աննպատակահարմար լինելը Հայաստանի համար, սակայն վերջին իրադարձություններին կառավարության արձագանքի կամ ավելի շուտ դրա բացակայության հիման վրա կարելի է եզրակացնել, որ մեր ղեկավարները արդեն վաղուց են ընդունել հերթական անգամ ռուսական գավառի վերածվելու ծրագիրը:
Հ.Գ. Գոնե մի ակնհայտ շահ լիներ էդ միությունից, բայց չկա՛, մեզ համար չկա՛: Ղազախստանը 400 անուն ապրանքի վրա հարկ դնելու իրավունք ա ստանում. պատկերացնու՞մ եք, 400: Իսկ մե՞նք. մենք երևի առաջվա գնով գազ ու մեկ էլ մի 5 հատ ձրի ռուսական ռազմաբազա ու Եվրոպային վերջնականապես հրաժեշտ տալու պարտադրանք: Սկզբում խոսվում էր համատեղելիության մասին, բայց Ուկրաինայի օրինակը խոսուն էր: Ասացին` Եվրամիության հետ հետագա համագործակցման համար կզրկվի Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակից: 
«ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման փոխնախագահ Վահագն Ալեքսանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել