ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարը դեկլարատիվ ձևով հայտարարեց, թե իրենց տեսակետը համընկնում է միջնորդների տեսակետին։ Սակայն այս ֆոնին միանգամայն հակասական, բայց մեզ համար լիովին կանխատեսելի էր, որ Ադրբեջանի իշխող կուսակցության շրջանակներից կհնչեն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի նկատմամբ, մեղմ ասած, անվստահության երանգով կարծիքները։ Մասնավորապես՝ նախագահ Ի․Ալիևի ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը նշեց, թե «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում կատարել իր պարտականությունները»։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է զբաղվել աճպարարությամբ, շարունակում է բացահայտ կերպով խաղալ մի քանի լարի վրա՝ պաշտոնական խողովակով ասել մի բան, իսկ սեփական կուսակցության անունից հայտարարել տրամագծորեն տարբեր մեկ այլ բան։ Հայաստանը վաղուց է տիրապետում Ադրբեջանի անկենսունակ ձեռագրին ու անհաջող հնարքներին, մնում է, որ սա ընկալելի լինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։



