«Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, որ ադրբեջանական կողմի դիպուկահարները կրակել են Ակնայի դիրքեր հաց տանող մեքենայի վրա: Արցախի պաշտպանական բանակն այդ կապակցությամբ տեղեկատվությանը զուգահեռ հայտնել է, որ վերջին օրերին նկատվում է ադրբեջանական կրակոցների աշխուժություն, ընդ որում՝ ոչ միայն դիրքերի վրա, այլ նաև թիկունքային ապահովման գործողություններ իրականացնողների: Արցախի պաշտպանական բանակը այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձնելու կոչ է հղել Մինսկի խմբի համանախագահներին, նաև հայտարարել, որ իրադրությունն արհեստականորեն լարելու Ադրբեջանի փորձերն իզուր են:
Հատկանշական է, որ այսօր էլ Հայաստանի պաշտպանության նախարարն է ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն իրականացնում է սահմանային իրադրության մոնիտորինգ: Ապրիլի 29-ին և 30-ին էլ ադրբեջանական կողմը կրակել էր Բաղանիսով անցնող միջպետական ճանապարհի և դիրքերի ու արոտավայրերի ուղղությամբ, իսկ Բարեկամավանում վիրավորել էին հայաստանցի պայմանագրային զինծառայողի: Հատկանշական է, որ դա տեղի էր ունեցել Երևանում ԵՏՄ վարչապետների հավաքի ժամանակ, որի համար Երևան էր ժամանել նաև ՌԴ վարչապետ Մեդվեդևը:
Բաքվի այդօրինակ գործողությունները առերևույթ կարող են վկայել լկտիության մասին, մյուս կողմից, սակայն, հատկանշական է, որ դրանք հաջորդում են Մոսկվայում արտգործնախարարների հանդիպմանը, որից հետո տարածվել էր հայտարարություն այն մասին, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել մարդասիրական քայլեր: Իհարկե, անմիջապես եղան կասկածներ Հայաստանում և Արցախում, որ Բաքուն ու մարդասիրությունը թերևս անհամատեղելի են՝ համենայնդեպս, դատելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության տարիների քաղաքականությունից:
Ակնառու է, որ Ադրբեջանը մի կերպ է փորձում մնալ խաղաղության և մարդասիրության «դիսկուրսի» շրջանակում, սակայն դա ամենայն հավանականությամբ ստացվում է շատ դժվար: Միաժամանակ, ակնառու է, որ Բաքվի համար բավական դժվար է նաև դուրս գալ դրանից և անցնել ավանդական ռազմական շանտաժի դիվանագիտությանը: Սակայն այս «երկվությունը» նաև հուշում է, որ «խաղաղության դիսկուրսում» Բաքուն չի ստանում անհրաժեշտը, այլապես դրա շրջանակում մնալը չէր լինի դժվարություն: Եթե այդ գործընթացը շարժվեր Բաքվի օրակարգին համահունչ, ապա Ադրբեջանը հազիվ թե ունենար ավելորդ դիրքային աշխուժությամբ իր վրա ուշադրություն բևեռելու կարիք կամ փորձեր դրանով ինչ-որ հարց լուծել:
Մյուս կողմից, սակայն, այստեղ շատ կարևոր է, որ պաշտոնական Երևանը Բաքվի գործողություններին համարժեք քաղաքականության պատրաստ լինելուց բացի, ունենա նաև «անհամարժեք» կամ ավելի շուտ՝ ասիմետրիկ պատասխանի սցենարներ և տարբերակներ: Խոսքը միայն ռազմատեխնիկական կարողության մասին չէ, այլև քաղաքական ուղեկցության և սպասարկման, երբ Բաքվի ռազմական որևէ սադրանք կստանա ասիմետրիկ պատասխան ռազմաքաղաքական փաթեթով և ոչ միայն ռազմատեխնիկական հարվածով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել