Hayeli.am-ը գրում է․

Ասելիքիս սկզբում ուզում եմ հատուկ շեշտը դնել այն փաստի վրա, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ երբեւէ որեւէ առնչություն կամ համագործակցություն չեմ ունեցել, իսկ պարոն Գագիկ Ծառուկյանին իրական կյանքում երբեւէ նույնիսկ տեսած չկամ (սա գրում եմ՝ բացառելու այն տեսակետը, որ նամակս կարող է լինել քաղաքական պատվեր, եւ իրականության հետ առնչություն չունեցող այլ անհեթեթ կարծիքները բացառելու համար):

Տարիներ շարունակ շաբաթական գոնե մի քանի անգամ լրատվական միջոցներից եւ այլ տեղեկատվական աղբյուրներից տեղեկանում եմ այն մասին, թե որտեղ եւ ինչ հարցերով է պարոն Ծառուկյանը գնում ժողովրդի հետ հանդիպման, թե ինչպես են մարդիկ նրան օրհնում, բարեմաղթանքներ ասում, նույնիսկ համեմատում բոլորիս համար կենսական նշանակություն ունեցող արեւի հետ: Եթե փորձեմ մեկ նախադասությամբ ամփոփել ասածս, նրան մոտավորապես դիմավորում են այնպիսի մեծ սիրով ու հիացմունքով, ինչպես բոլորիս կողմից սիրված մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ իս, այդպիսի հանրային մեծ սերն ու վստահությունը հենց այնպես չի լինում: Փորձեմ ներկայացնել այդ դրական հանրային վերաբերմունքի մի քանի հիմնական պատճառ: Պարոն Ծառուկյանը միշտ եղել է հասարակ ժողովրդին աջակցող, նրա հոգսերի մասին լսող, երբեք չանտեսող ու բազում անգամներ այդ ժողովրդի ամենախոցելի օղակներին տարբեր չափերի անշահախնդիր աջակցություն տրամադրող (ընդհուպ մինչեւ անտուն մարդկանց ուղղակի տուն եւ այդպիսով նաեւ կյանքի մեծագույն երազանքներից մեկը նվիրող) անձ:

Իսկ Դուք Ձեր ողջ ֆիզիկական ու քաղաքական կյանքի ընթացքում առայսօր ի՞նչ եք արել մեր ժողովրդի համար, «հարգելի» պարոն Սուրեն Սահակյան, որ Ձեզ թույլ եք տալիս Ձեր քաղաքական կայացման համար բազում մաքուր ու ազգանվեր ճանապարհները թողած՝ ընտրել ամենակեղտոտ եւ իմ կողմից անընդունելի ձեւերից մեկը, այն է՝ ժողովրդի մի շատ լուրջ հատվածի կողմից սիրված, գնահատված ու օրհնված մի մարդու, հայտնի բարերարի անունը վարկաբեկելով՝ Ձեզ հանրությանը հայտնի դարձնել՝ հետապնդելով անձնական, կուսակցական եւ ինչու ոչ, բացառված չէ՝ նաեւ որեւէ չերեւացող հովանավորի կամ պատվիրատուի քաղաքական պատվերի բավարարումը: Ասում եք՝ Ձեր խնդիրն անձերը չեն, այլ օրենքի գերակայությունը, նրա առջեւ բոլորի հավասարությունը եւ էլի նման սիրուն լոլոներ: Ինչպես կասեր դասականը՝ յա, իրո՞ք:

Ենթադրենք, մանդատից զրկելու մասով չեմ կարող առարկել, որ Ձեր խնդիրն անձերը չեն, բա ապօրինի հարստացման թեմայով ո՞նց չմտածեմ, որ պատվեր եք կատարում կամ փորձում ինքնահաստատվել ուրիշին վարկաբեկելու ճանապարհով: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ բոլորիս կողմից հայտնի մի մեծ բանակ ապօրինի հարստացածներին եւ այդ հարստությունից հասարակ ժողովրդին անգամ քոռ կոպեկ չտված նախկին պաշտոնյաներին ու նրանց բարեկամներին հանգիստ թողած՝ հանկարծ պարոն Ծառուկյանին հիշեցիք՝ որպես ապօրինի հարստացած, ու դա այն դեպքում, որ թե՛ նախկին եւ թե՛ ներկա իշխանությունները ՊԵԿ-ի ստուգումներով ուղղակի քրքրել են պարոն Ծառուկյանին պատկանող բիզնեսները եւ ապօրինի հարստացման հատկանիշներ, համենայնդեպս, դեռեւս չեն հայտնաբերել: Այնպես որ, «հարգելի» պարոն Սուրեն Սահակյան, ամոթ է, կայացեք որպես քաղաքական գործիչ՝ մաքուր, ճիշտ ու ազգանվեր ճանապարհով, ոչ թե «բոչկա գլորելու» սկզբունքով, ու, ինչպես կասեր մեր սիրելի վարչապետը՝ հանգիստ նստեք տեղներդ:

Տիգրան ՄԱՂԱՔՅԱՆ
«Ժողովրդա-վարություն եւ ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն» ՀԿ փոխնախագահ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել