Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների միջև տեղի ունեցած միջադեպն իր ողջ տհաճությամբ և գրոտեսկով հանդերձ, առնվազն մի քանի դիտարկումների տեղիք է տալիս․
ա) ՌԴ վարչապետի պահվածքն առնվազն անտակտ և դատապարտելի էր բարեկամական դաշնակից երկրում, այդ երկրի կառավարության ղեկավարին հանրային հարթակում անիմաստ կերպով նսեմացնելը փաստացի դիվանագիտական սկանդալ է, և ՌԴ ղեկավարությունը պետք է բացատրություններ տա։
բ) ՀՀ վարչապետը մանավանդ իր երկրի տարածքում պետք է իր երկրի պետական լեզվով ելույթ ունենա և չփորձի հաճոյանալ կազմակերպության մնացած անդամներին։ Դրա համար կա որակյալ սինքրոն թարգմանություն, բոլորը կհասկանան ու ժամանակի հետ կհամակերպվեն, այսպիսի խնդիրներ էլ չեն առաջանա։
գ) Ավելի ընդարձակ իմաստով՝ բոլորս պետք է մեզ հարց տանք, թե ինչ է ընկած այդպիսի քամահրական վերաբերմունքի հետևում։ Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ ղեկավարը հանրային նվաստացվում է ԵԱՏՄ «դաշնակիցների» կողմից։ Հիշենք միայն Ալեքսանդր Լուկաշենկոյի ոչ վաղ հանրային ցուցումները Նիկոլ Փաշինյանին կամ դրանից էլ վաղ Նուրսուլթան Նազարբաևի կողմից կոշտ գրոհը Սերժ Սարգսյանի նկատմամբ Աստանայում։
Թեև մեծ գայթակղություն կա ամենը վերագրել միայն «դաշնակիցներին», իրականությունն այն է, որ մեր անմիջական ազդեցության լծակները նրանց վրա սահմանափակ են, փոխարենը մենք կարող ենք աշխատել նրա վրա, որ փոխենք մեր սեփական վարքագիծը, հենց այդ վարքագծով հարգանքի արժանանանք և հարգալից վերաբերմունք պարտադրենք մեր երկրի և այն ներկայացնող պաշտոնյաների նկատմամբ։ Այս իմաստով յուրաքանչյուրդ կարող եք ձեր նկատառումները հայտնել, թե ինչ պետք է անի մեր երկիրը սեփական կշիռը և արժեքը օտարների աչքերում բարձրացնելու համար։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր քննարկում է, որը մեզ այս պահին պակասում է։