
«Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական պարբերականը հոդված է հրապարակել մայիսյան տոներին տարածված կերակրատեսակի՝ խորովածի մասին: Հրապարակման մեջ նշվում է, որ խորովածի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր ունեն բազմաթիվ ազգեր, մինչդեռ, ինչպես նշում է պարբերականը, ռուսներին ավելի «հոգեհարազատ է» խորովածի «կովկասյան» բաղադրատոմսը:
«Մենք ավելի շատ սիրում ենք խորոված՝ կովկասյան ձևով: Այն տարածվեց ռուս-թուրքական պատերազմից հետո. Ղարսի գրավումից հետո տեղի հայերը, ովքեր համարում էին, որ ազատագրողները ռուս զինվորներն են, նրանց շռայլորեն հյուրասիրում էին ավանդական խորովածով: Պուշկինը ևս հիշատակել է ղարսյան խորովածի մասին, որ նրան թվացել է խոհարարական արվեստի գլուխգործոց»,- նշում է պարբերականը:
Հոդվածում նաև նշվում է, որ դժվարացել են պարզել՝ որ երկրում են առաջինը խորոված պատրաստել, քանի որ այս ուտեստը տարբեր երկրներում տարբեր անուններ ունի. Արգենտինայում՝ ասադո, Բուլղարիայում՝ շիշ-քեբաբ, Վրաստանում՝ մցվադի, Հայաստանում՝ խորոված, իսկ Հունաստանում՝ սուվլակի: