Համբերությանս բաժակը լցվեց…

Որոշել էի չխոսել այս թեմայով՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, այդ թվում՝ ընդհանուր ընկերներ, սակայն եթե դիմացի կողմն ուրանում է իր անցյալն ու ընկերներին, ապա…

Այսօր Նիկոլի պատգամավորներից Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ֆիկտիվ է անդամակցել ՀՀԿ-ին և որ 2007 թվականից դուրս է եկել կուսակցությունից՝ նշելով, որ իր ընկերներից մեկի խաթր է անդամակցել ՀՀԿ-ին:
Թերևս նորմալ է, որ ստախոս վարչապետն ունի իր թիմում ստախոս պատգամավորներ, բայց այս մեկին չպատասխանել չկարողացա:

Ես 2007-2010 թթ․ եղել եմ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահը, Պապոյանը եղել է մեր ուսանողական խորհրդի ֆակուլտետային նախագահ: Նա 2006 թվականին անդամակցել է ՀՀԿ-ին ոչ թե իր ընկերներից մեկի խաթր, այլ, բառացի եմ ասում, նրա հայրը, ով Մանկավարժական համալսարանում դասախոս էր, խնդրել էր Էդուարդ Շարմազանովին, որ նա միջնորդի, որ գյուղի խեղճ տղա է, ընդգրկեն ՈՒԽ շարքերը և ակտիվացնեն: Այնուհետև 2007-ին ես ընտրվել եմ ՈՒԽ նախագահ, Գևորգին արդեն նաև որպես հավատարիմ մարդ, նաև կուսակից ընտրել ենք ֆակուլտետային ՈՒԽ նախագահ:

Դրանից հետո նա ակտիվ մասնակցել է բոլոր կուսակցական երիտասարդական հավաքներին, ասեմ ավելին՝ ես եմ եղել կազմակերպիչը 2008 թվականի մարտի մեկին Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող ակցիաների, իսկ Գևորգ Պապոյանն անընդհատ եղել է իմ կողքին, երբ մենք «Քոռ Լևոն» բացականչելով կանգնել էինք ԼՏՊ-ի տան դռան մոտ, նա նույնպես եղել է ինձ հետ: Համացանցում կա նաև տեսանյութ, որ նա իմ և իմ մի քանի այլ ընկերների հետ եղել է ԼՏՊ-ի տան դիմաց, ասեմ ավելին՝ հացն ու ջուրը ինքն է բերել:

Գնահատելով նրա հավատարմությունը՝ նրան առաջարկել եմ ուսանողության ներկայացուցիչ բուհի կառավարման խորհրդում և ունեմ նաև մի նկար, որ 2009-2010 թվականներին նա ՀՀԿ զնաչոկով մասնակցում է բուհի կառավարման խորհրդի նիստին:

Նշեմ նաև, որ ես ճշտել եմ, թե երբ է Պապոյանը դուրս եկել ՀՀԿ-ից, և ՀՀԿ-ից նշեցին, որ Պապոյանն այդպես էլ կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, այլ պատգամավոր դառնալուց հետո հեռացվել է ՀՀԿ-ից:
Եվ քանի որ Պապոյանի մարդկային տեսակը, փաստորեն, սկզբունքները կապում է օրվա շահով, և երբ ուսանողական տարիներին կարիք ուներ պաշտպանվածության բոլոր առումներով, ապա ՀՀԿ էր, նրա մտերիմները մինչ 2018 թվականը երբևէ նրանից չեն լսել դժգոհություն ՀՀԿ-ից, ապա սպասենք, թե նա երբ կլքի ՔՊ-ն, իսկ որ կլքի, դա ես խոստանում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել