Եկեք, այնուամենայնիվ, ընդունենք, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնք պայմանավորված են Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխություններով:
Գոնե իմ տպավորությամբ Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը՝ Ռուսաստանի իշխանությունների հետ նորմալացնելու և էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու երկկողմ հարաբերությունները, դեռևս չեն տալիս ցանկալի արդյունք: Ակնհայտ ու բացահայտ է, որ Ռուսաստանը վերապահումներ ունի մեր երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ:
Սրանով հանդերձ՝ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում Հայաստանի իշխանությունները պարտավոր են դրսևորել չափից դուրս նրբանկատություն ու պրագմատիզմ՝ ելնելով բացառապես Հայաստանի պետական ու ազգային շահերից:
Մի առիթով նշել էի, որ այժմ այդ շահերը պահանջում են անել առավելագույնը՝ թույլ չտալու համար, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանը հարկադրված լինի այլ դաշնակիցներ որոնել ու գտնել՝ քաջ գիտակցելով, որ այդպիսի գործընթացը լինելու է ի վնաս Հայաստանի ազգային ու պետական շահերի՝ դրա անկանխատեսելի և վատթարագույն հետևանքներով հանդերձ:
Մենք իրավունք չունենք տարածաշրջանում կորցնելու մեր դիրքերը, մանավանդ որ, բոլոր թերություններով հանդերձ, ինքներս ենք եղել տարածաշրջանում օրակարգ թելադրողը: