Ժողովուրդը, քաղաքացիներն իրոք պետք է պատվիրակեն, հանձնարարեն գործող իշխանությանն իրենց ցանկությունն ու պահանջը արցախյան հիմնախնդրի կարգավորման մասով: Ամեն բան այս առումով շատ պարզ է․ մարդիկ ձևակերպում են իրենց պահանջը, իսկ իշխանությունն էլ այդ պահանջը պետք է կատարի գործնականում:
Իշխանությունն իսկապես պետք է իմանա, թե մարդիկ այս հարցում ինչ հանգուցալուծում են ուզում, որպեսզի իր լիազորությունների սահմաններում կարողանա սեփական ժողովրդի, քաղաքացիների անունից բանակցել: Կփորձեմ հստակ ձևակերպել, թե ինչ արդյունք է պահանջվում ՀՀ գործող վարչապետից կամ նրան հաջորդած ցանկացած ղեկավարից Արցախի մասով: Հայ ժողովրդի ու մեր քաղաքացիների գլխավոր նպատակն այն է, որ վերջնարդյունքում Արցախը դե յուրե միանա Հայաստանին այնպես, որ այդ միացումը ճանաչվի միջազգային հանրության և գուցե, որպես լավագույն տարբերակ, նաև Ադրբեջանի կողմից: Ընդ որում՝ այդ միացումը պետք է տեղի ունենա առանց Արցախի հաշվին արվելիք միակողմանի տարածքային զիջումների: Ավելին՝ այն պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով: Իսկ թե ինչպես նա պետք է դա անի, դա էլ առանձին հարց է, որն իր պատասխանը ևս ունի: