Վարչապետ Փաշինյանն այսօր առավոտյան հերթական անգամ լայվ մտավ: Վարչապետի նպատակն էր ժողովրդին ցույց տալ, թե իրենց աշխատանքն արդյունավետ է, քանի որ հենց իրենց աշխատանքի արդյունքում 50 հազար աշխատատեղ է ստեղծվել: Ու որպեսզի վարչապետը հիմնավորի իր ասածը, իր մոտ էր վերցրել «ԺԷԿ-ի թուղթը»:

Ու վարչապետին թվում է, թե այսքանից հետո ժողովուրդն իրեն պետք է ծափահարի, սակայն վարչապետը մոռանում է, որ թղթերով ամեն ինչ կարգին լինելը դեռևս չի նշանակում, թե իրականում այդպես է: «ԺԷԿ-ի թուղթը» իշխանությունների հերթական նկարչական գունազարդումն է, ԱՎԾ ղեկավար վաստակավոր նկարիչ Ստեփան Մնացականյանը և ԿԸՀ փորձաշատ նկարիչ Տիգրան Մուկուչյանը վկա:

Քաղաքացիները նկարների և ցուցանիշների կարիք չունեն, պետք է այնպես աշխատել, որ մարդիկ իրենց մաշկի վրա զգան երկրում դրական փոփոխությունները և իրենց բերանով ասեն՝ ապրի կառավարությունը, որ աշխատատեղերի հարց է լուծում, աշխատավարձեր և թոշակներ է բարձրացնում:

Եթե վարչապետին թվում է, թե ժողովուրդը չի կարողանում թացը չորից զանազանել, ապա թող կրկին դուրս գա փողոց և մարդկանց հարցնի, թե ինչ են ասում իր մասին: Ես վստահեցնում եմ, որ մարդկանց մեծ մասն արդեն լուրջ չի ընդունում Փաշինյանին և նրա կառավարությանը՝ համարելով ընդամենը ժամանակավոր շոուի դերասաններ, որոնք ջանում են ժողովրդի ուշադրությունը շեղել իրական խնդիրներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել