Հաշվի առնելով Էդմոն Մարուքյանի, այդ թվում՝ նաև ամերիկյան կրթությունը, այսօրվա իր ելույթին անդրադառնալով հիշատակեմ ամերիկյան բանակցային դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Ֆիշերի տեսությունից ոգեշնչված իմ եզրույթը։
Ֆիշերն իր գրքում նկարագրում է մի եզրույթ. ZOPA (ասոցիատիվ մի փոքր անբարեհունչ է, բայց իմաստը դրա հետ կապ չունի) – Zone Of Possible Agreement, որը թարգմանաբար նշանակում է հնարավոր համաձայնության տիրույթ։ Այ, հավանաբար հենց այդ ZOPA-ն Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելիս նրանք հանգել են մեկ այլ եզրույթի - Zone Of Allowed Existance, այսինքն` այն տիրույթը, որտեղ պարոն Մարուքյանին եւ իր գործընկերներին թույլատրվում է գոյություն ունենալ՝ քննադատել, գրության պատասխանելու ոճի համար նախարարներին անվստահություն հայտնել եւ այլն։ Չմոռանանք, որ նույնիսկ այդ հարցումն ուղարկել էիք Արփինե Հովհաննիսյանի բացահայտած եւ բարձրաձայնած «10.000 հավելյալ արդյունք չստեղծող» մեր համաքաղաքացիների մասին նամակագրության հիման վրա։
Բայց հենց որ վարչապետը նեղն է ընկնում, մեր լուսավոր գործընկերները պիտի բանավեճի ժամանակ բռնեն իր կողմը, ստեղծեն ԴԱՍԱԿԱՆ զավեշտալի դրվագներ, որոնք հետո մեմեր կդառնան ինտերնետում՝ շեղելով ուշադրությունը բուն խնդրից եւ այլն։
Ես չգիտեի, որ ես, ՀՀԿ-ին վերջին շրջանում անդամակցելու ցանկություն հայտնած երիտասարդները, իմ ավագ ու հասակակից կուսակցական ընկերները քաղաքական ռեանիմացիայի բաժանմունքում ենք։ Փաստորեն, կոմայի միջից ահագին անհանգստություն ենք պատճառում իշխանական եւ պսևդո ընդդիմադիր ուժերին։
Zone Of Allowed Existance-ի՝ թույլատրված չափով ընդդիմադիր լինելու ցանկության հետ կապված պատասխանեմ Գալուստ Գրիգորիչի թեւավոր խոսքերից մեկով. «Մենք տեսել ենք Ձեր մերկությունը, բայց չենք գայթակղվել»։
Բայց Լուսավոր Հայաստանի լարվածությունը հասկանալի է․ ՀՀԿ-ն, լինելով արտախորհրդարանական ուժ, ավելի շատ է քաղաքական օրակարգ թելադրում (Սիրիա ուղարկված զորախումբ, կրճատումներ, ԵՄ-ՀՀ կապեր, ցեղասպանության ճանաչում, թղթի վրա սուտ ձեռքբերումների բացահայտումներ եւ այլն), քան ԼՀԿ ողջ պառլամենտական խմբակցությունը։
Ջերմ ողջույններս այդքան աղմկոտ ու անհանգստացնող «վերակենդանացման բաժնից», հարգելի պարոն Մարուքյան։