Թուրքիայի դրոշը վառել-չվառելը մարդու մտածելակերպի ու աշխարհընկալման հարց ա: Կարող ենք վառել, կարող ենք պատռել, կարող ենք ձեռք չտալ...
Իմ կարծիքը հետևյալն ա. մենք մեր բարդույթների ձեռքը կրակն ենք ընկել: Մենք մեր զայրույթը թափում ենք լաթի մի կտորի վրա: Հա՛, դա բողոքի ձայն բարձրացնելու ձև կարելի ա համարել, բայց ես կարծում եմ, որ դա մորթվածի ամոթալի խարանը մեր ճակատից մաքրելու հուսահատ փորձ ա: Մենք չենք կարողանում հայելու մեջ նայել ու տեսնել էդ խարանը: Մենք փորձում ենք մորթվելու մեղքը դնել մորթողի ուսերին, բայց չենք ուզում հասկանալ, որ մենք լուռ կերել ենք իրենց տված աղը մատաղացու գառան պես: Մեր բնազդները կա՛մ չեն գործել, կա՛մ սխալ ուղղությամբ են մեզ տարել, որովհետև մեր բանականությունը մեզ չի առաջնորդել:
Մորթվողի խարանը մեր ճակատին ա, ուզենք, թե չուզենք: Մենք պիտի ամեն օր հայելու մեջ տեսնենք էդ խարանը ու դրանից ձերբազատվելու մղումը դարձնենք մեր զարգացման խթանը: Պետք ա հասկանալ, որ միայն պետության հզորացումը կարող ա մաքրել էդ խարանը մեր ճակատից, իսկ մենք դեռ աշխարհի հետ խոսում ենք Խրիմյան Հայրիկի առաջարկած արտասուքի լեզվով, իսկ մեր ուժն ու ցասումն արտահայտում դրոշ վառելով: Մենք պարտավոր ենք ուղիղ նայել իրականության աչքերին ու չփախցնել մեր հայացքը: Մենք պարտավոր ենք դրոշ վառելու, արտասվելու, զայրանալու համազգային էներգիան վերափոխել պրոդուկտիվ էներգիայի ու լծվել բանակի, տնտեսության, պետության զարգացման գործին, որովհետև ցեղասպանվածի, մորթվածի, աքսորվածի իրական հաղթանակը սկսվում ա ոչ թե ճանաչումից, այլ ի հեճուկս բոլորի պետություն կայացնելուց, զինվելուց, եղածից դասեր քաղելուց ու հզորանալուց: «Այլևս երբեք»-ը սկսվում ա էդտեղից, այլապես դա ընդամենը փուչ խոսք ա: