• Վերջին շրջանում մամուլում ակտիվացել էին քննարկումները 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Ստեփանակերտում նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած քննարկում-կոնսուլտացիաների շուրջ։ Նախկինում սահմանափակ թվով մարդկանց շրջանակի հայտնի այդ հանդիպումների շուրջ աճել է հանրային հետաքրքրությունը, քանզի եղան նաև շահարկումներ ու հերքում-արձագանքներ (մասնավորապես՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի (հղումն՝ այստեղև անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի (հղումն՝ այստեղ) կողմից)։

• Նախքան բուն նյութին անցնելն իմ կողմից ևս հավաստեմ, որ հանդիպմանը մասնակցած և իմ կողմից հարցազրույցյալ ոչ մի աղբյուր, հանդիպման մասին Ստեփանակերտում առկա ոչ մի երկրորդային բանավոր աղբյուր չեն հաստատում այն մեղադրանք-պնդումը, որ հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանը քննարկել է «հողեր հանձնելու» թեման։ Բոլոր աղբյուրատեսակները միատեսակ վկայություն են տալիս առ այն, որ հանդիպման նպատակն ու նախագահի կողմից հարցադրումը հակամարտության կարգավորման վերաբերյալ կոնկրետ տվյալ պատմական ժամանակահատվածում ստեփանակերտյան դիրքորոշման հայցումն էր։ Իսկ ըստ Վ․ Բալասանյանի վկայության (տե՛ս վերը)՝ հանդիպման հիմնական եզրակացությունն այն էր, որ, անկախ ամեն ինչից, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի։

• Այժմ մի հետաքրքիր դրվագ այդ քննարկումից, որին մասնակցել է նաև 20-րդ դարակեսի ընդհատակյա շարժման, ապա բուն ղարաբաղյան շարժման ու պատերազմի հայրերից (ցավոք, արտարցախում գրեթե անհայտ) Մուրադ Պետրոսյանը (http://www.nankr.am/hy/2405)։ Հասկանալու համար վերջինիս վայելած հարգանքն ու հեղինակությունը՝ ասեմ, որ, ըստ որոշ բանավոր վկայությունների, Արցախում Սամվել Բաբայանի մենիշխանության տարիներին միայն Մ․ Պետրոսյանն էր, որ վերջինիս վրա ներազդելու, վերջինիս խորհուրդներ տալու հնարավորություն ուներ։ 2016 թ․ ապրիլի վերջին տեղի ունեցած այդ քննարկման ժամանակ, երբ ձայնը հասել է Մ․ Պետրոսյանին, վերջինս, #խաղաղութիւն_պիտի_ըլլայ_միայն_մեր_յաղթանակով հայեցադիրքից առաջնորդվելով, կոչ է արել նախագահ Ս․ Սարգսյանին, որ վերջինս «իր օլիգարխներից» անհրաժեշտ միջոցներ «պոկի», ժամանակակից ու որակյալ զենք գնի, որ մենք խրամատավորված պայքարենք ու հաղթենք այնքան ժամանակ, ինչքան որ պետք է։ Այս առաջարկին Սերժ Սարգսյանը պատասխանել է․ «ՄՈՒՐԱԴԻ՛Կ, ԳԻԴՈՒՄՍ, ԹԱ ՀԻ՞ՇՏ Ա Ո̈ՒՐԱՆՑ ԱՆԱ ՊԵՆ ՊՈՒԿԻԼԸ»…

• Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի ղեկավարի մեծագույն արժանիքը նրա սթափ իրատեսությունն էր, իրավիճակին տիրապետելը (!) և հայաստանյան հասարակությունն ու, առհասարակ, Հայաստանը լավ ճանաչելը։ Կաբինետային աշխատանքի երկար տարիները շատ վաղուց էին նրան հնարավորություն տվել հասկանալու, որ քաղաքականությունն ու կառավարումն այնքան պարզ ու հասարակ չեն, ինչպես կողքից կարող է թվալ, որ դրանք հավասարակշռության, կոնսենսուսի, դանդաղ շտապելու ու կշռադատվածության արվեստ են։ Եթե շարքային հայացքով դիտորդին թվում էր (ու հիմա էլ է շարունակում թվալ), թե օլիգարխ կոչվածները քաղաքական իշխանության «գրպանում են», ապա Ս․ Սարգսյանը լավ էր հասկանում, որ մի ուժ ինքն է՝ ի դեմս իր վարչական ապարատի, մի ուժ՝ փողատերերը, որ իրենք մեկը մյուսից կախված են, և որ եթե քաղաքական իշխանությունը «քոչելու» տեղ չունի՝ ըստ իր վիճակի, ապա բիզնեսմենը ցանկացած պահի կարող է իր գործունեությունը տեղափոխել այլ երկիր, նամանավանդ որ Հայաստանը բնական շատ գործոնների բերմամբ մեծ բիզնեսվարության համար լավագույն տեղը չէ Երկրի վրա։ 

• Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի «սխալվելուն», ապա դա առաջին հերթին թիմային պարտություն էր, այդ թվում՝ անհրաժեշտ գիտական մտքի չգոյության և/կամ չներգրավման արդյունք։ Համեմատական քաղաքագետը դեռ Շանթ Հարությունյանի իրականացրած գործողությունից (2013 թ․ նոյեմբեր) և դրա շուրջ հանրային քննարկումներից հետո կարող էր վերլուծել և հուշել, որ լինելու է պայմանական «2018 թ․ ապրիլը», մինչդեռ 2016 թ․-ի աշնան կադրային թարմացումներից ու 2017 թ․-ի ԱԺ ընտրություններում սահուն հաղթանակից հետո (միակ խնդրահարույց կետը, որքան էլ արդեն այսօր զավեշտալի է թվում, բուն ընտրությունների օրն էր, որ համընկնում էր նախորդ տարվա ռազմական գործողությունների մեկնարկի հետ) իշխող շրջանակներին թվաց, թե այս անգամ էլ «պլստացին»…

• Ինչպես ՀՀԿ պարագայում, այնպես էլ կոնկրետ Սերժ Սարգսյանի դեպքում ես վստահ եմ, որ իրենք շատ անելիք ունեն հայոց քաղաքական ասպարեզում։ Սերժ Սարգսյանի պարագայում դա պետք է լինի տակավին անկատար խոստման կատարումը, այն է՝ երիտասարդ սերնդի շրջանում կառավարչական ունակություններով կադրերի պատրաստումը, փորձի փոխանցումը։ Եթե ես խորհուրդ տալու լինեի իրեն, ապա կառաջարկեի, որ, բուն քաղաքացիական գիտելիքապաշարից զատ, որի համար կարծես թե գործում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը, մտածեր նաև ռազմաքաղաքացիական ոչ ֆորմալ/արտաՌՈՒՀական կրթության հարթակ ստեղծելու մասին՝ հաշվի առնելով նաև այդ ոլորտում (հատկապես՝ միջին սպայակազմի) մեր կադրային բացերը, որոնք է՛լ ավելի ցցուն են դառնալու, դիցուք. երկշաբաթյա ռազմական գործողություններից հետո։

• Այլևս Հայաստանի նախագահի կամ վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին Ս․ Սարգսյանի խոստման դրժումը որպես առիթ-խթան ծառայեց նախորդ տարվա հեղափոխական իշխանափոխության համար, ուստի այս մյուս խոստումը կյանքի չկոչելու իրավունք նախագահը չունի․ ի վերջո, սա Հայաստանն է, մարդիկ այստեղ չեն սիրում, երբ իրենց «գցում են»…

© Էդգար Էլբակյան, 23.04.2019 թ․, Երևան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել