Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ի՞նչ իմաստ ունի անընդհատ խոսել օտար լեզուներ սովորելու թեմայից: Չեմ պատկերացնում, թե օտար լեզու սովորելը ո՞նց կարող է լինել կրթության և աշխատաշուկայի խնդիրների լուծման բանալին: Օտար լեզու սովորենք, որ ի՞նչ անենք, Դրայզեր, Չեխով, Հյուգո և Բորխես բնագրով կարդա՞նք, թե՞ մեր բախտը որոնենք օտար ափերում: Չէ, ես չեմ պնդում, թե օտար լեզուներին տիրապետելը վատ է, հակառակը՝ շատ լավ է, բայց կրթական ռեֆորմը և աշխատաշուկայի խնդիրները բացատրել օտար լեզուներ իմանալ-չիմանալով, համաձայնվեք, որ առնվազն պրիմիտիվ է: Օտար լեզու սովորելով հավելյալ արժեք չեն ստեղծում, հատկապես երբ տեսանելի ապագայում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը թարգմանչական ու լեզվաբանական մասնագիտություններին, ամենայն հավանականությամբ, ժամկետնանց տիրույթ է մղելու: 21-րդ դարի թե՛ կրթությունը, թե՛ տնտեսությունը և թե՛ աշխատաշուկան կապված են բնական ու տեխնիկական դիսցիպլինների հետ: Կարճ ասած՝ պետք է շեշտը մաթեմատիկայի ու ֆիզիկայի վրա դնել, ոչ թե պետական մակարդակով քնարերգություն քարոզել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել