BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր |
Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների՝ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ամեն մի համատեղ հայտարարությունից հետո փորձում ես հասկանալ՝ այս ընթացքում իրավիճակը փոխվել է հոգո՞ւտ մեզ, թե՞ ի վնաս, ժամանակը մե՞ր օգտին է աշխատում, թե՞ թշնամու, սա հերթական ոչինչ չասող հայտարարությո՞ւնն էր՝ կարգավորման իմիտացիայի շարունակականությունն ապահովելու համար, թե՞ նոր իրավիճակ է առաջացել, և սրան պետք է լուրջ վերաբերվել:
Այս ընթացքում Ղարաբաղի անկախության ճանաչման ուղղությամբ միջազգային հանրության մոտ դրական տեղաշարժեր ենք նկատում: Սրան հակառակ Ադրբեջանը պետական մակարդակով հերոսացրեց մարդասպանին: Բայց արի ու տես, որ այս վերջին հայտարարությանը շտապեց դրական գնահատական տալ Էդվարդ Նալբանդյանը՝ ընդամենը մեղմորեն ակնարկելով մարդասպանի հերոսացման մասին, բայց մեր ԱԳ նախարարի արձագանքի մեջ որևէ վերապահում չտեսանք, որ ինչպե՞ս կարող է Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում, երբ այնտեղ մարդասպանին հերոսացնում են, կամ ինչպե՞ս կարելի է կացնավոր մարդուն պետական քաղաքականության մակարդակի վրա բարձրացրած երկրին վստահել մեր խաղաղ բնակչության անվտանգությունը: Ու եթե մենք այսքանից հետո էլ անվերապահորեն համամիտ ենք գործընթացը շարունակել մադրիդյան սկզբունքների շրջանակում, ապա սա ոչ թե կառուցողական դիրքորոշման դրսևորում է, այլ մեր թուլության առհավատչյան: Շատ չխորանալով մադրիդյան սկզբունքների մեջ, քանի որ բոլորն էլ, համոզված եմ, քաջատեղյակ են, ուղղակի համառոտ նշեմ, որ հայկական կողմը համաձայն է, որպեսզի ազատագրված 5 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, այնուհետև նաև 2 շրջանները, Հայաստանի կապը ԼՂՀ-ի հետ ապահովվի ընդամենը միջանցքով, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան իրենց բնակավայրերը, և որ այս ամենի դիմաց ստանանք հնարավորություն, որ մի 10 կամ 15 տարի հետո անցկացվելիք հանրաքվեով պարզվի՝ Ղարաբաղը կլինի անկա՞խ, Հայաստանի կազմո՞ւմ, թե՞ Ադրբեջանի:
Այո՛, Ռամիլ Սաֆարովի հետ կատարվածից հետո մտքներովս անցնում է, որ ադրբեջանցի փախստականները կվերադառնան իրենց բնակավայրերը և կապրեն մեզ հետ կողք կողքի՝ նույն քաղաքում, նույն փողոցում, նույն շենքում, ու իրար մորթելու վտանգ չի լինի, չեն ապակայունացնի իրավիճակը, այլ խաղաղ կգոյակցենք: Իսկ գուցե մի միջազգային խաղարարար առաքելության հաջողված օրինակ հիշեցնեք, որ կարողացել են կանխել արյունահեղությունը թշնամացած կողմերի համատեղ բնակավայրերում: Լավ, այս ամենը զիջում ենք Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, համարենք, որ հանրաքվեն էլ մեր օգտին է եղել, բայց մոռանում ենք, որ աչքներիս առաջ գերտերությունների նախաձեռնությամբ ու գործուն միջամտությամբ տարբեր անկախ ու միջազգայնորեն ճանաչված երկրներ են ասպատակվում, կամ, որ ցանկացած պահի, երբ մի երկիր ուժեղանում է ու գտնում, որ իրավիճակը բարենպաստ է իր համար, հիշում է ժամանակին իր հարևանի հետ ունեցած չկարգավորված ինչ-որ խնդիր՝ լինի դա 10-ամյա, թե հարյուրամյա հնության ու ներխուժում նրա տարածք: Այնպես որ, եթե մենք այնքան թուլանանք, որ հնարավոր ամեն ինչ զիջենք, միայն թե Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն ճանաչվի, մենք այդ անկախ երկիրն ավելի շուտ կկորցնենք, քան այսպես չճանաչված, երբ բավարար ուժ ունենք պահելու այն:
Այս համատեքստում ինձ զարմացնում է նաև, որ վերջերս փորձ է արվում մեր հանրությանը հանգստացնել, ավելի ճիշտ՝ զգոնությունը բթացնել, թե մի քանի տարի հետո Ադրբեջանն այնքան կթուլանա, որ իրենից ոչ մի վտանգ այլևս չի ներկայացնի: Բայց եթե անգամ ընդունենք, որ դա այդպես է, չէ՞ որ Ադրբեջանն էլ գիտի, որ նավթի գործոնը մի օր թուլանալու է, ուստի քանի ինքը վերելքի վրա է, ամեն ինչ անում է, որպեսզի հարցերը հիմա լուծի: Նա զինվում է ու պատրաստվում պատերազմի, գնալով հզորանում է, քանի դեռ անկման կրիտիկական կետին չի հասել: Իսկ սա նշանակում է, որ կա՛մ հարցը կլուծի պատերազմով, կա՛մ միջազգային հանրությանը շանտաժի կենթարկի, որ, եթե կոնֆիլիկտը չկարգավորվի իր ուզած պայմաններով, ապա չի ընդունելու որևէ արդյունք, ու պատերազմի վտանգը միշտ էլ առկա է լինելու:
Այնպես որ, աշխարհաքաղաքականան վերադասավորումների պատճառով, փոփոխվող տարածաշրջանի ֆոնին, մեր ու մեր թշնամու ուժերի հարաբերակցության փոփոխման համատեքստում, գալիս եմ այն եզրակացության, որ հայկական կառուցողական դիրքորոշումն ինչ-որ չափով ու ինչ-որ պահի ձեռնտու է միայն մեր իշխանություններին, որ ժամանակը միայն իրենց օգտին է աշխատում, քանի որ օր օրի ավելի են հարստանում, իսկ մեր ազգի ու պետության համար ժամանակն աշխատում է ի վնաս մեզ, և այն աստիճան, որ անգամ այս ընթացքի մեզ համար դրական գործոնները չենք կարողանում որպես հաղթաթուղթ օգտագործել:
Եվ այն տեսակետները, թե արյունով վերցրածը թանաքով չեն հանձնում, Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է պետության տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ, որ պատմական արդարությունը մեր կողմն է, որ բանակցությունների մեջ պետք եղած ժամանակ կարող ենք ներառել նաև մեր փախստականների հարցը, որ, ինչու չէ, կարող ենք բարձրացնել նաև Դաշտային Ղարաբաղի ու Նախիջևանի հարցը, սրանք ընդամենը ներքին լսարանի համար ասված խոսքեր են, քանի որ, եթե այդ ամենը արտաքին աշխարհը որպես գործոն դիտարկեր, կամ էլ մենք բավարար ուժ ունենայինք այդ փաստարկները նրանց պարտադրելու, ապա բանակցության հիմքում չէինք դիտարկի մադրիդյան սկզբունքները ու նաև ի լուր աշխարհի հայտարարի, որ կողմ ենք կարգավորմանը, ուղղակի այն ձախողվում է Ադրբեջանի մեղքով:
Ուստի, համանախագահ երկրների նախագահների այս վերջին հայտարարությունն առաջին հերթին դիտարկում եմ որպես սթափության կոչ՝ ուղղված մեր իշխանություններին: