Մի օր, երբ Հայաստանի Հանրապետության նախագահի թոռնիկն այնքան մեծանա, որ մեր և իր հայրենիքի իրողությունների մասին ինքնուրույն դատողություններ անի, նա իր պապիկին անպայման հարցնելու է, թե այն ժամանակ, երբ «Անկախ ու ազատ Հայաստան» կար, ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ, որ նրա ղեկավարած Հայաստանում ամեն օր մարդ էր սպանվում: Շատ մարդիկ: Սպանվում էին փողոցում, իրենց տանը, իրենց աշխատավայրում, իրենց ընկերների տանը կամ տան մոտ, ռեստորանում, ռեստորանի բակում: Թոռնիկը զարմանալու է, որ 2012 թ. ընտանեկան բռնության զոհերից միայն սպանվածների թիվը 365-ից ավելի էր (այդ մասին նա կարդալու է անցյալի սովորական ոստիկանական տեղեկատուներում), և հարցնելու է իր պապիկին, թե բա ինչպե՞ս էիք ասում, որ այն ժամանակվա Հայաստանում ընտանիքն իբր Հայաստանի ամենակարևոր սոցիալական միավորն էր: Այդ փոքրիկ Հայաստանում ամեն օր որևէ ընտանիքում մեկը մյուսին սպանում էր, էլ ինչպե՞ս կարող էր այն լինել ամենակարևոր սոցիալական միավոր: Պապիկն ասելու է, որ այն ժամանակվա Հայաստանում շատ թշվառություն և չարություն կար, որովհետև ադրբեջանցիներն ու թուրքերը շրջափակել էին Հայաստանը, և Հայաստանի բնակչությունը գտնվում էր չքավորության մեջ: Բայց, ասելու է պապիկը, հայ ժողովուրդն ընդհանրապես բարի ժողովուրդ է, մարդասեր, հյուրընկալ, և այն ժամանկվա Հայաստանում այդ երևույթները կային բացառապես ստեղծված օբյեկտիվ պայմանների հետևանքով: Այդ օբյեկտիվ պայմանը Հայաստանի շրջափակումն էր թշնամիների կողմից: Հայաստանում նաև շատ պատվարժան մարդիկ կային, ովքեր բարձր էին պահում մեր երկրի ու մեր ժողովրդի պատիվը: Թոռնիկը, որ արդեն հասուն մարդ է լինելու, հարցնելու է, թե ով էր այն ժամանակվա Հայաստանում պատվավոր մարդ կոչվում: Նրա պապիկն ասելու է, որ «այն ժամանակվա Հայաստանի» պատվավոր մարդկանց ինքը զանազան մեդալներ ու շքանշաններ է տվել: Դրանք հարուստ մարդիկ էին, ովքեր, չքավոր չլինելով, չէին դաժանացել: Եվ որովհետև չէին դաժանացել, ինքը (այսինքն` թոռնիկի պապիկը) նրանց էր վստահում Հայաստանի պետական բարձր պաշտոններն ու Հայաստանի կառավարումը: «Դրանք,- ասելու է պապիկը,- այն ժամանկվա Հայաստանի նախարարներն էին, մարզպետները, պատգամավորները: Դրանք,-ասելու է պապիկը,-այն ժամանկվա Հայաստանի պատվավոր մարդիկ էին»: Թոռնիկը, որ արդեն հասուն մարդ է լինելու, տեսնելու է, որ մեդալներ ու շքանշաններ ստացած մարդկանց այն ժամանակվա Հայաստանում այնքան էլ պատվավոր մարդ չեն համարել, որ նրանք իրենք իրենց ստիպված էին պաշտպանել հաստավիզ թիկնապահներով, և այդ թիկնապահներն իրենք կատարել են բազմաթիվ սպանություններ: Արդեն հասուն մարդ դարձած թոռնիկն իր արդեն ծերացած պապիկին հարցնելու է, թե ինչո՞ւ այն ժամանկվա Հայաստանում «պատվավոր մարդիկ» պաշտպանվելու կարիք ունեին: Ումի՞ց պետք է նրանք պաշտպանվեի: Չէ՞ որ պատվավոր էին: Չէ՞ որ նրանք էին կառավարում երկիրը: Ումի՞ց էին նրանք պաշտպանվում իրենց կառավարած երկրում: Չէ՞ որ պատվավոր մարդիկ իրենց երկրներում ամենուր հարգանքի են արժանանում: Պապիկը բացատրելու է, որ «այն ժամանակվա Հայաստանում» պաշտպանվելու կարիք ունեին բոլորը, բայց ամեն մեկը պաշտպանվում էր ինչպես կարող էր, մեկը` թիկնապահներով, մյուսը` թիկնապահներից վախենալով և տնից դուրս չգալով: Պապիկն ասելու է, որ «պատվավորները» պաշտպանվում էին Հայաստանում թշվառությունից դաժանացած հասարակությունից: Պապիկն ասելու է, որ Հայաստանի թշվառ ժողովուրդն այնքան էլ չէր հասկանում, թե պատվավորն ու անպատիվը որն է, և թիկնապահներն անհրաժեշտ էին, որպեսզի նրանց բացատրեն այդ տարբերությունը: Բացատրելու ընթացքում նրանք երբեմն էլ ստիպված էին սպանել այդ տարբերությունը համառորեն չհասկացողներին: Միաժամանակ դա «դաս էր լինում» ուրիշների համար: Թոռնիկը հարցնելու է` ի՞նչ դաս էր լինում: Պապիկն ասելու է, որ դասն այն էր, որ նրանք էլ պետք է ապրեն պատվավոր մարդկանց նման: Այնպես, ինչպես պատվավորներն են ապրում: Պապիկն ասելու է, որ այդպես է ամբողջ աշխարհում, միշտ և ամենուր պատվավոր մարդիկ օրինակ են ծառայում բոլորին: Եվ թոռնիկը հասկանալու է, որ այն ժամանակվա Հայաստանում մարդիկ իրենց ընտանիքներում մեկը մյուսին սպանում էին` այն ժամանակվա Հայաստանի պատվավոր մարդկանց նման լինելու համար: Տարբերությունն այն էր, որ այն ժամանակվա Հայաստանում պատվավոր մարդիկ սովորաբար իրենք չէին սպանում, այլ` իրենց թիկնապահները: Նրանք շատ քիչ դեպքերում էին իրենք սպանում, երբ կամ թիկնապահն այդ պահին մոտը չէր, և իրենք էին հարկադրված բացատրել, կամ`բացատրությունն այքան բարդ էր, որ թիկնապահը չէր կարող անել: Թոռնիկը հասկանալու է, որ «այն ժամանակվա Հայաստանում» պատվավոր լինելու համար սպանելը պարտադիր էր: Թոռնիկը հասկանալու է, որ պաշտպանվելու համար ոչ թե երկիրը պետք է ուժեղացնել, այլ` ինքն իրեն պաշտպանելու հնարավորությունները: Եվ իր ամբողջ կյանքը ծախսելու է դրա վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/209007419251542
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել