168.am-ը գրում է․

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԿՎ) փախստականների տարհանում է սկսել Լիբիայից՝ հակամարտության ասպարեզ դարձած երկրից ավելի քան 150 մարդու տեղափոխելով Նիգեր: Այդ մասին հայտնել է կազմակերպությունը: «ՓԳԿՎ-ն 163 փախստականների Լիբիայից Նիգեր է տարհանել առաջին նման չվերթի ընթացքում այն ժամանակվանից ի վեր, երբ երկու շաբաթ առաջ Լիբիայի մայրաքաղաքում բորբոքվեցին մարտերը:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել ապրիլի 19-ին ավելի վաղ»,-ասված է հայտարարության մեջ, որը զետեղված է վարչության կայքում: Ընդամենն այն կենտրոններում, որոնք մարտերի վայրերին մոտիկ են գտնվում, կան եւս 3 հազարից ավելի փախստականներ ու միգրանտներ, նշում է ՄԱԿ-ը:

«Այդ փախստականներին ընդունած Նիգերի համերաշխությունն արժանի է ընդօրինակման, բայց երկիրը չի կարող միայնակ անել դա: Պետք է լինի կոլեկտիվ պատասխանատվություն, մեզ հարկավոր է, որ մյուս երկրներն արձագանքեն կոչին, գան օգնության եւ անպաշտպան փախստականներին օգնեն Լիբիայից տեղափոխվելու անվտանգ վայր»,-հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին:

Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել Է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքների նկատմամբ: Նաեւ բանակի օդուժը հարված է հասցրել Տրիպոլիի Միտիգա միակ գործող օդանավակայանին, ինչի հետեւանքով չեղարկվել են բոլոր չվերթները:

Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:

Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել