Տարիներ առաջ ուժի ավանդությամբ ձևավորված և ավանդույթի ուժով պահպանված տաբուն՝ Գագիկ Ծառուկյանի մասին լավը կամ ոչինչ, աստիճանաբար վերանում է 7ոռ.էյէմ-ի ու դրա էջերը ծաղկող արհեստավորի անխոնջ ջանքերով: Իսկ Ծառուկյանի կերպարը տարիներ շարունակ անխզելիորեն ու անբաժանելիորեն կապակցվել է մի ողջ կուսակցության: Партия - это я! Аз есьм партия! Ուստի 7ոռ.էյէմ-ի ջանքերով վարկաբեկվում է հարյուր հազարավոր անդամներ, լուրջ տնտեսական շահեր ու ապագային միտված քաղաքական հավակնություններ ունեցող մի ամբողջ կուսակցություն:
Տարօրինակ ոչինչ կա: Երբ ծառաները տերերի շուրջն իրենց ուղեղի հիվանդ աղիքների չմարսած ջրիկ ու դեղնագույն շիթերն են կուրորեն տարածում, զարմանալու չէ, որ ցպնած կեղտը մաքրելու ընթացքում նորմալ մարդիկ կեղտը ձեռնոցով մի կողմ են շպրտում ՝ կեղտոտելով անտաղանդ ու անհաշվարկ ծառաների տերերին:
Թերևս տարօրինակ մի բան այնուամենայնիվ կա. մի՞թե ԲՀԿ-ի առաջնորդն ու նրան աջակցող, նրան վստահող ու նրա հետ հույսեր կապող ուժերն այդչափ անհեռատես են կամ կույր, որ չնկատեն յուրօրինակ 5-րդ շարասյան վերածված թարախաբշտիկը, որը գարշահոտություն է տարածում ԲՀԿ-ի՝ հսկայական միջոցներով ու ջանքերով շպարված դեմքի շուրջը: Մի՞թե ԲՀԿ-ի մտքի տիտանները չեն նկատել, որ ցեխ ու կեղտ շպրտելու ժամանակները մնացել են անցյալում, Հայաստանում, մարդիկ վաղուց արդեն ամրագոտի են կապում, իրար վրա չեն կրակում փողոցներում, զուգարաններում գլուխ չեն ցխում ու... մի խոսքով փոխվել են ժամանակերը տիկնայք ու պարոնայք...
Ըստ էության, չեն նկատում: Հավանաբար կարծում են, որ լրատվական դաշտում գարշահոտության ու կեղտի արդեն վաղուց մարգինալ դարձած աղբյուրները նույնպես հարկավոր են կուսակցական ու քարոզչական զինանոցին. «տուն է, պետք կգա» տրամաբանությամբ: Լրիվ էն անեկդոտի պես, երբ բակում ատոմային ռումբ սղոցողներին ասում, թե. «էս ինչ եք անում, բա որ պայթի», իսկ սրանք թե. «պայթում ա, պայթի. մի հատ էլ ունենք»...
Համակարգերն ինքնակարգավորման ու ինքնամաքրման՝ հաճախ շատ բարդ ու անհասկանալի ներքին մեխանզիմներ ունեն, որոնք երբեմն միայն երկար ժամանակ անց են ընկալվում: Դաշնակցությունն ունի նման ինքնամաքրման հատկություն: ՀՀԿ-ի արդիականացման ու ինքնամաքրման կոչերը գոնե լսվում են: ՀԱԿ-ը տեղով ինքնամաքրման փորձ անող անցյալն է՝ ներկայում: «Ժառանգությունը» դեռ մխտռվելու խնդիր ունի՝ նախքան մաքրվելը. Դեռ կհասցնի երկուսն էլ: Փաստորեն, ԲՀԿ-ն նույնպես ունի ինքնամաքրման մեխանիզմ, որը զարմանալիորեն հենց 7ոռ.էյէմն է: Վկայությունը՝ ԲՀԿ-ի առաջնորդի հակասական էպիզոդներով լի անցյալի մասին վերսկսված խոսակցություններն ու քննարկումներն են, որոնք տասնամյակից ավելի մատնվել էին մոռացության: Եվ այդ ամենն ըստ էության 7ոռ.էյէմ-ի շնորհիվ: Ստացվում է, որ ԲՀԿ-ի գարշատարը, ԲՀԿ-ի աքիլլեսյան գարշապարն է...
Ինձ համար, որպես հայ ժամանակակից իրականության մեջ քաղաքական-հասարակական գործընթացների ականտեսի, խիստ հետաքրքիր է այս զարգացումների ապագան. արդյո՞ք թարախաբշտիկն ու դրա արտաթորանքը վերջնականապես կլվանան շպարված դեմքը, թե՞ ձեռքը կհասցնի ճզմել բշտիկը, նախքան փեսացուն՝ ընտրողը կհասցնի գնահատել սեթևեթ հարսնացուի «բուրմունքը», դեմքի «գեղեցկությունն» ու անցյալի «հմայքը»... կյանքը ցույց կտա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել