Մեր շուրջ այնքան անսովոր և հետաքրքիր երևույթներ կան, որ բոլորի մասին խոսելն անհնար է։ Օրինակ՝ աշխարհում տղամարդու ամենատարածված անունը Մուհամեդն է։ Պատճառն այն է, որ մուսուլմաններն իրենց առաջնեկին անվանում են ի պատիվ իսլամի մարգարեի։

Վինի Փուհի նախատիպը եղել է Վինիպեգ արջուկը

1914 թվականին անհայտ մարդը 20 դոլարով կանադացի որսորդից վիրավոր արջուկ է գնում։ Կենդանուն բուժում են և ուղարկում Լոնդոնի գազանանոց, որտեղ նրան տալիս են Վինիպեգ անվանումը։ 1924 թվականին Ալան Միլնի որդին՝ Քրիստոֆեր Ռոբինը, առաջին անգամ տեսնում է արջին։ Նրան այնքան է տպավորում հանդիպումը, որ նա իր փափուկ արջուկի անունը «Էդվարդ արջից» փոխում է «Վիննի Փուհի»։ Հետագայում սա պատճառ է դառնում, որ երեխայի հայրը գրի Վինիի մասին առաջին գիրքը։

Միջազգային տիեզերական կայանը յուրաքանչյուր 90 րոպեն մեկ ամբողջական պտույտ է կատարում Երկրի շուրջ

Սա նշանակում է, որ տիեզերագնացները մեկ օրվա ընթացքում 16 անգամ տեսնում են արևածագ և մայրամուտ։ Իմիջիայլոց, ՄՏԿ-ը համարվում է մարդկության պատմության ամենաթանկարժեք նախագիծը։ Կայանի ստեղծման և սպասարկման համար մի շարք երկրներ ծախսել են ավելի քան 150 միլիարդ դոլար։

ԱՄՆ-ի 10-րդ նախագահ Ջոն Թայլերի թոռները դեռևս ողջ են

Ջոն Թայլերը ԱՄՆ-ի 10-րդ նախագահ է դարձել 1841 թվականին։ Այսօր՝ 178 տարի անց, նրա երկու թոռները դեռևս ողջ են։ Համեմատության համար պետք է նշել, որ Դոնալդ Թրամփը համարվում է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը։

Պանդաները կարող են ձևացնել իրենց հղիությունը, որպեսզի ավելի շատ համեղ սնունդ և հոգատարություն ստանան

2014 թվականին չինական գազանանոցներից մեկում էգ պանդան հղի է ձևացել, որպեսզի ավելի շատ ուշադրության արժանանա և համեղ սնունդ ստանա։ Կենդանին վարպետորեն ձևացրել է իր ախորժակի կորուստը, փոխել հորմոնային ֆոնը և սկսել ավելի քիչ շարժվել։ Խաբեությունը բացահայտվել է, երբ պանդան ենթարկվել է հետազոտության, որի ժամանակ պարզվել է, որ չկայացած մայրը հղի չէ և միանգամայն առողջ է։

Շնորհիվ «Ֆոլդիթ» օնլայն գլուխկոտրուկի՝ 10 օրվա ընթացքում հնարավոր եղավ վերծանել վիրուսի կառուցվածքը, որը գիտնականները չէին կարողանում անել շուրջ 15 տարի

Խաղացողների նպատակը սպիտակուցների ֆոլդինգի բացահայտումն է։ Առաջադրանքները կատարելով՝ խաղացողները ոչ միայն միավորներ են հավաքում, այլ նաև օգնում են կենսաբաններին։ Պատասխաններն ուսումնասիրվում են և հաճախ դառնում իրական գիտական խնդիրների լուծում։

Այսպես՝ 2011 թվականին ընդամենը 10 օրվա ընթացքում խաղացողները կարողացել են գաղտնազերծել կապիկի վիրուսի բյուրեղի կառուցվածքը, որն այդ կենդանիների մոտ ՍՊԻԴ-ի առաջացման պատճառ էր դառնում։  Խաղացողների տարբերակը օրիգինալից 18 անգամ ավելի արդյունավետ է եղել, ինչի շնորհիվ 2012 թվականին գիտնականներին հաջողվել է ավարտել սպիտակուցի կառուցվածքի փոփոխման իրենց նախագիծը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել