Ինձ մի շատ հարգելի լրագրող իր ֆեյսբուքյան էջում հակադարձում է այն բանի համար, որ ես քննադատում եմ լրագրողին` մեր Ազգային ժողովում ոչ վայել կերպով պատգամավորի հետ խոսելու համար: Լավ, ես կարող եմ չխոսել, չգրել, չքննադատել և վերջապես զերծ մնալ բոլոր տեսակի ստատուսներից: Բայց ինչո՞ւ ենք մենք այսքան պրիմիտիվ դատում: Իմ քննադատությունը տեղին էր, թե անտեղի, բոլոր դեպքերում, ես ցավ եմ ապրում, որ մեր Ազգային ժողովի միջանցքներում որոշ լրագրողներ ուղղակիորեն որսի են դուրս գալիս ու իրենց սադրիչ պահվածքով հրահրում են ինտրիգներ, որի արդյունքում «զոհը» վրիպում է կամ էլ իր խոսքում թույլ է տալիս սայթաքում, ու այս ամենը դառնում է օրվա էքսկլյուզիվ: Չէ՞ որ այս ամենը մեր երեխաներն են դիտում, չէ՞ որ այս ամենն աշխարհն է դիտում... Ի՞նչ է մեզ պետք` հրամցնել մոլորակին, որ մենք գռեհիկ ենք, թե՞ որ դեռ ծառերից չենք իջել: Եկեք չիջնենք այս աստիճանին, ամոթ է, հարգենք միմյանց, չլցնենք համացանցը մեր ազգայինը սխալ բնորոշող նյութերով... Ու դեռ այսքանից հետո որոշ լրագրողներ վիրավորվում են, որ զզվանք ես ապրում այս ամենի համար... Նրանք քեզ զսպում են` մի´ կպիր լրագրողին, մի´ քննադատիր նրան, նա ազատ է, նա պատգամավորից ավելի անձեռնամխելի է... Ու թվում է, որ լրագրողը կարող է վիրավորել պատգամավորին, իսկ պատգամավորը` ոչ, նա պարտավոր է զսպվել ու հանդուրժել այդ ամենը: Դե, եթե վիրավորանք հասցնելը ապաքրեականացված արարք է, ապա ինչո՞ւ պատգամավորը պետք է լռի: Անձին վիրավորելը ազատազրկում չի ենթադրում, դե ուրեմն եկե´ք, սրանից հետո բոլորս միմյանց վիրավորենք, չզսպվենք, հակադարձենք, ավելի սուր խոսքով հանդես գանք... Է հետո՞... է հետո, ո՞ւր ենք գնում... Այս ճանապարհով մենք ազատ խոսքի երկիր չենք կառուցի, այս ճանապարհով մենք երկար չենք ձգի... Բավական է, վերջակետ է պետք դնել այս ցինիզմին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել