«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրները» տարեկան զեկույցը, որը նկարագրում է, թե ժողովրդավարության առումով ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի` անցումային փուլում գտնվող 29 երկրներում:
Զեկույցում բավական ուշագրավ հատվածներ կան, որոնք սիրով ցանկանում եմ ներկայացնել ձեր դատին:
Մասնավորապես արձանագրում է ժողովրդավարության վիճակի տագնապալի վատթարացում ողջ Եվրասիայում` մանրամասնելով, որ 2012 թվականի ընթացքում բռնատիրական ռեժիմները Եվրասիայում ակտիվորեն պայքարել են ժողովրդավարական փոփոխությունների դեմ:
Ընդհանուր այս բացասական միտումների մեջ, սակայն, Հայաստանը առանձնանում է դրական տեղաշարժով եւ այն վեց երկրներից մեկն է, որ բարելավել է իր ժողովրդավարության վարկանիշը:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանը այս տարի առաջընթաց է արձանագրել շնորհիվ նախընտրական շրջանում լրատվական դաշտում իրավիճակի բարելավման եւ զրպարտության մեղադրանքով հարուցված գործերի զգալի կրճատման: Զեկույցի համաձայն` Հայաստանը լրատվամիջոցների անկախության առումով առաջընթաց արձանագրած միակ երկիրն է:
Հայաստանի առաջընթացը զեկույցում կապվում է նաեւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ: «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը ագրեսիվ կերպով ճնշում էր քաղաքական ընդդիմությանը, Հայաստանն ու Վրաստանը խորհրդարանական ընտրություններ անցկացրեցին նոր ընտրական օրենսդրությանը համապատասխան, որը հատկապես կարեւորում է թեկնածուների հավասար հնարավորությունները` նախընտրական ռեսուրսների հասանելիության եւ լրատվամիջոցներով լուսաբանման առումով», - նշում է «Freedom House»-ը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=139652452896069&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել