Պարզվում է, որ քաղաքական դաշտի հետընտրական պարապուրդը որոշակի դրական կողմ ունի, հետընտրական քաղաքական կյանքը նշանավորվում է կոռուպցիոն սկանդալների պայթյունով՝ դրանից բխող որոշակի հետևանքներով: Մի կողմ թողնենք օֆշորային սկանդալի մասին հրապարակումները՝ հաշվի առնելով, որ այնտեղ խառն է Աստծո մատը (անքննելի են գործերն Աստծո), և անդրադառնանք մի շատ կարևոր թեմայի: Մի քանի օր է՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ տեքստով, առանց սեթևեթանքների հարց է ուղղում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահին, թե ինչ միջոցներով է կառուցվել նրա բազմամիլիոնանոց առանձնատունը: Առավել անհասկանալի բառակույտ, քան նրա տված պատասխանն է, ուղղակի անհնար է պատկերացնել: Եթե պետությունը ցանկանում է իսկապես ունենալ վերահսկիչ պալատ, որը լրջագույն պայքար պետք է մղի չարաշահումների դեմ, ինչո՞ւ է այդ կառույցի ղեկավար կարգում մի մարդու, որը «կախում» է իր ունեցվածքի ծագման մասին ամենապրիմիտիվ հարցից: Եվ ընդհանրապես, խղճալ կարելի է հայ պաշտոնյաների անզոր կմկմոցների վրա, երբ նրանք ստիպված են լինում որևէ հոդաբաշխ բացատրություն գտնել ունեցվածքի ծագման մասին հարցերին: Մեկի անչափահաս վունդերկինդը, ցուցաբերելով ութերորդ դասարանցուն անսովոր ճարպկություն, ձեռք է բերում հսկայական բիզնեսներ, մյուսի ալեհեր զոքանչը, յոթանասունը թամամելուց հետո, որոշում է զբաղվել բիզնեսով, մյուսի աներձագի գործարար ընդունակությունները, չգիտես ինչու, ի հայտ են գալիս փեսայի՝ բարձր պաշտոն ստանալուց հետո, իսկ մեկ այլ պաշտոնյայի աները, մի օր հոգնելով գերանդի քաշելուց և թրիք մաքրելուց, որոշում է դառնալ օլիգարխ...
Ինֆորմացիոն արագությունների այս դարում, երբ անգամ Երևանի ավագանու անդամի բաց թողած գազի արտահոսքի մասին հայտնի է դառնում ողջ հանրությանը, պետությունը պետք է սկսի ինքնամաքրման քայլեր ձեռնարկել: Նմանատիպ մարդիկ պետք է հեռանան կառավարման ապարատից: Միևնույնն է՝ նրանց բոլոր չարաշահումները վաղ թե ուշ բացահայտվելու են...
Ժողովրդական լավ խոսք կա՝ թաքուն ցուլ եկողը աշկար ծնում է (թաքուն հղիացողը բացահայտ ծննդաբերում է)...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/573746059336760?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել