2013 թվականի մարտի 13-ին՝ Բենեդիկտոս XVI պապի հրաժարականից հետո, Հռոմի պապ դարձավ Ֆրանցիսկոսը։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը։ Նա մեր ժամանակների ամենահեղինակավոր կերպարներից մեկն է, որի արարքները մեկ անգամ չէ, որ զարմացրել են ինչպես կաթոլիկ, այնպես էլ համայն աշխարհին։ Ձեզ ենք ներկայացնում այն հիշարժան քայլերի ցանկը, որ այս ընթացքում արել է պանտիֆիկը։
1. 2015 թ.-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն անվանելով «ցեղասպանություն»։ Հռոմի պապը դիմեց Վատիկան ժամանած հազարավոր և բազմազգ հավատացյալներին, որոնց թվում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հայոց եկեղեցիների կաթողիկոսները՝ նշելով, որ վտանգավոր է անցյալի մասին լռելը, հատկապես այսպիսի արյունոտ անցյալի։
«Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է երեք մասսայական և աննախադեպ ողբերգություն»,- ասաց Հռոմի պապը՝ հավելելով, որ դրանցից առաջինը լայնորեն ճանաչված է որպես «XX դարի առաջին ցեղասպանություն», որը պատահել է հայ ժողովրդին, մյուս երկու հանցագործությունները նացիզմի և ստալինիզմի հետևանք են:
2. 2014 թ.-ին Ֆրանցիսկոսն անձամբ ներողություն խնդրեց հոգևորականների կողմից գործված չարիքի համար։ Նա ներողություն խնդրեց երեխաների հանդեպ իրականացված սեռական ոտնձգությունների համար։ «Ես ստիպված եմ այդ չարիքի պատասխանատվությունն ինձ վրա վերցնել և անձամբ ներողություն խնդրել նրանց պատճառած վնասների համար»։
3. Ֆրանցիսկոս պապը համարվում է վերջին տասնամյակների ամենից ազատամիտ եւ լայնախոհ պապը, ով խուսափում է բարոյախրատական-ուսուցողական կամ մեղադրական տոնայնությունից, որ հատուկ է կրոնավորներին, եւ հայտնի է իր հետեւյալ արտահայտությամբ․ «Ո՞վ եմ ես, որ դատեմ»:
4. Հարլիի հարյուրավոր մոտոցիկլավարներին ու նրանց երթը Սբ. Պետրոսի հրապարակում օրհնելուց հետո պապը «Harley-Davidson» մոտոցիկլետ նվեր ստացավ։ Նա աճուրդում վաճառեց այն ավելի քան 200 հազար ֆունտ ստեռլինգով և ողջ հասույթը հատկացրեց Հռոմի հանրակացարաններին ու ճաշարաններին, իսկ պանտիֆիկի կողմից մակագրված մոտոցիկլիստի բաճկոնը վաճառվել էր 47 հազար ֆունտ ստեռլինգով:
5. Պապը կոչ է արել մաֆիայի ներկայացուցիչներին ապաշխարել այն բանից հետո, երբ Կասանո Ջոնիոյում՝ Իտալիայի հարավում, 3-ամյա Նիկոլա Կամպոլոնին սպանվեց գլխին արձակված կրակոցից: «Երեխայի նկատմամբ նմանատիպ բռնությունը հանցագործության պատմության մեջ իր նախադեպը չունի: Եկեք աղոթենք Կոկոյի համար, ով, միանշանակ, Հիսուսի հետ է, և նրանց համար, ովքեր իրականացրել են այս հանցանքը, որպեսզի վերջիններս կարողանան ներում խնդրել Աստծուց»,- կոչ է արել պապը:
6. Ֆրանցիսկոսը նաև հայտարարել է, որ կաթոլիկները հավատում են էվոլյուցիայի և Մեծ պայթյունի տեսությանը։ Նա նշել է, որ Աստված կախարդական փայտիկով մոգ չէ, և որ էվոլյուցիայի գիտական տեսությունները և Մեծ պայթյունը անհամատեղելի չեն համարվում Արարչի ստեղծագործությունների հետ:
Պապական գիտությունների ակադեմիայում խոսելիս նա ասաց, որ երբ կարդում ենք Ծննդոց գիրքը, ռիսկի ենք գնում՝ երևակայելով, որ Աստված կախարդական փայտիկով մոգ է եղել ու կարող էր ամեն ինչ անել: Բայց դա այդպես չէ։ Նա ստեղծել է մարդուն և տվել է զարգանալու հնարավորություն ներքին կանոնների համաձայն, որը տրված է յուրաքանչյուրին:
7. Պապը պատմական մեծ դերակատարություն է ունեցել նաև ԱՄՆ-ի և Կուբայի լարված հարաբերությունների ժամանակ: Երբ ԱՄՆ-ն ու Կուբան որոշեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, այս ամենին աջակցեց, ոչ ավել, ոչ պակաս, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Օբաման ասել է, որ մասամբ ուզում է շնորհակալություն հայտնել նրան՝ մեծն պապին, ում հոգևոր աջակցության օրինակն աշխարհին ցույց է տալիս խաղաղության վերականգնման կարևորությունը:
8. 2013թ․-ին՝ Հռոմի պապ ընտրվելուց հետո, Ֆրանցիսկոսը հրաժարվեց ապրել առաքելական պալատում՝ փոխարենն ընտրելով ապրել Վատիկանի հյուրերի տանը, որտեղ նա այցելուների հետ է հանդիպում և հավաքներ կազմակերպում։ Նա Պիոս 10-րդից հետո առաջին պապն է, ով ապրում է պապական բնակատեղից դուրս։
9. 2015 թ.-ին Ավագ շաբաթվա շրջանակներում Հռոմի պապն այցելեց Հռոմի կալանավայրերից մեկի բանտարկյալներին։ Այցի ժամանակ նա բանտում ոտնլվայի արարողություն արեց։ Նա մեկ առ մեկ մոտեցավ մի խումբ բանտարկյալների ու կռանալով նրանց առաջ՝ լվաց նրանց ոտքերը։
10. Իսկ երեկ արդեն՝ 2019 թ.-ի ապրիլի 11-ին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ նրանց հորդորելով պահպանել խաղաղությունը երկրում։ Հիմնականում կաթոլիկ աֆրիկյան այդ երկրում 5 տարի շարունակված քաղաքացիական պատերազմից հետո վերջապես հրադադարի պայմանագիր է կնքվել։
Պապը Վատիկանում ընդունել է երկրի նախագահ Սալվա Քիիրին, նրա նախկին տեղակալ, այժմ ընդդիմադիր Ռիեկ Մաչարին և ևս երեք այլ փոխնախագահների՝ հարգելու նրանց կնքած հրադադարը և միասնական կառավարություն ստեղծելու որոշումը։
«Ես՝ որպես եղբայր, ձեզ խնդրում եմ պահպանել խաղաղությունը, խնդրում եմ իմ ամբողջ սրտով»,- ասել է հարավային սուդանցիների առջև ծնկի եկած 82-ամյա պապը։
Նյութի աղբյուր՝ https://ashxarhishurj.blogspot.com/2019/04/10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել