2011-ին Մուամար Քադաֆիի տապալումից հետո Լիբիայում ձևավորվեցին իշխանության մի քանի կենտրոններ, որոնցից երկու հիմնականներն են` Ազգային միասնության կառավարությունը` ձևավորված ՄԱԿ-ի աջակցությամբ, և երկրի արևմուտքը վերահսկող մարշալ Խալիֆ Հաֆտարի ուժերը, որ վերահսկում են արևելքը:
Ապրիլի 4-ին մարշալ Խալիֆ Հաֆթարն իր զորքերին հրաման տվեց սկսել Տրիպոլիի վրա հարձակումը: Նա խոստացավ, որ ռազմական գործողությունը չի վերաբերի խաղաղ քաղաքացիներին, արտասահմանցիներին ու պետական ինստիտուտներին: Տրիպոլիի պաշտպանական ուժերի կոալիցիան, որ աջակցում է Ֆաիզ Սարաջին, հայտարարեց հակահարձակման մասին: Երկրի արևմուտքում Միսթրատի քաղաքի ռազմական ուժերը հայտարարեցին, որ պատրաստ են դիմադրել Հաֆթարի հարձակմանը: Ուրբաթ առավոտյան Հաֆթարի ուժերը պարտություն կրեցին մայրաքաղաքից 27 կիլոմետր արևմուտք ՊՊԿ-ում: Հաֆթարի մի քանի տասնյակ զինվորներ գերեվարվեցին, իսկ Լիբիայի ազգային բանակը հայտարարեց 5 զոհի մասին:
Չնայած զուսպ լինելու ու ապաէսկալացիայի կոչերին` ուրբաթ օրը դաժան մարտեր բռնկվեցին Տրիպոլիից հարավ: Հաֆթարի ուժերը հայտարարեցին, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքից 30 կիլոմետրի վրա գտնվող օդանավակայանը, բայց կառավարական ուժերը հայտարարեցին, որ օբյեկտն ազատել են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հինգշաբթի Տրիպոլիում հանդիպեց Ֆաիզ Սարաջի հետո, հետո մեկնեց Բենգազի` Հաֆթարի հետ հանդիպելու: Լիբիայից հեռանալով` նա հայտարարեց, որ խորապես մտահոգ է ստեղծված իրավիճակով: Սրան զուգահեռ՝ ուրբաթ օրը Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները հավաքվեցին Ֆրանսիայում և պահանջեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որ սպառնալիքի տակ են դնում քաղաքական կարգավորումը Լիբիայում: