168.am-ը գրում է․

«Ժողովրդի վստահությունն է ամենակարևոր նախապայմանը, որ կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ»,- այս մասին քիչ առաջ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում իր ծավալուն ելույթին հաջորդած հարց-պատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցերից մեկին։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, երբ մտածում է, թե ամենամեծ բանը, որ պետք է անի կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ամենավստահելի պատասխանը հետևյալն է՝ անձամբ կոռուպցիայի մեջ չպետք է ներքաշվի։

Նրա խոսքով, շատ կարևոր է, որպեսզի մարդիկ տեսնեն դա, հավատան դրան։

ՀՀ վարչապետը նկատեց, որ շատ կարևոր է դառնում իշխանության և խոսքի վստահելիությունը, ավելին՝ միշտ ընդգծում է, որ Կառավարության ղեկավարի կարգավիճակում իր գտնվելը իմաստավորված է համարում այնքան ժամանակ, քանի դեռ ունի ժողովրդի վստահությունը, սա նշանակում է, որ այդ վստահությունն է ամենակարևոր նախապայմանը, որ կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ։

Փաշինյանն ասաց, թե բոլորն են հասկանում, որ կոռուպցիան շատ երկար տարիներ իշխել է ՀՀ-ում, ինչպիսի միջոցներ ունի և ինչպես կարող է հակադարձել իր դեմ պայքարին մի միջավայրում, երբ չկա վստահություն հանրության և Կառավարության միջև։

Նա նաև ընդգծեց, որ այս առումով ինքը, իր ընտանիքը, հարազատները պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո, թափանցիկությունը ՀՀ-ում, նրա որակմամբ, կարևորագույն ինստիստուտներից մեկն է, որն ահավոր մեծ քայլերով գնում է առաջ։

Նա նաև հիշեցրեց, որ 10 օր առաջ քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ։ «Չեմ ուզում նրա անմեղության կանխավարկածը խախտել, սակայն այն փաստը, որ այդ գործը կքննվի օբյեկտիվ, ապացույց է այն բանի, որ վստահորեն այդ ճանապարհին ենք»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել