Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության պետն այսօր հայտարարել է առավել բաց եւ թափացիկ աշխատելու իրենց որոշման մասին: Այդուհանդերձ, լրագրողների՝ «Նաիրիտին» վերաբերող հարցին չի ցանկացել հստակ պատասխան տալ:
Այսպես, լրագրողների հարցին, թե ինչ խախտումներ է բացահայտել տեսչությունը «Նաիրիտի» գործունեության ոլորտում, տեսչության պետ Սոնա Ղարիբյանը նշել է. «Այդ կազմակերպությունում իրականացվել են ստուգումներ կազմակերպության հաշվեկշռում պարտավորութունների հաշվառման օրինականության մասով, թե ինչքան դեբիտորական եւ կրեդիտրական պարտք է ունեցել կազմակերպությունը հաշվեկշռում հաշվառված»: Այլ կերպ ասած` ստուգումների նպատակն է եղել ճշտել պարտքերի օրինականությունը:
Իսկ թե ինչ է պարզվել դեռես 2010թ.-ից այս ընկերությունում իրականացվող ստուգման արդյունքում, ֆինանսների նախարարության ներկայացուցիչը չցանկացավ մանրամասնել: Սոնա Ղարիբյանը նշեց միայն, որ եղել են կասկածներ, որոնք իրենք ներկայացրել են համապատասխան մարմիններին: «Նաիրիտի» գործը ուղարկվել է դատախազություն, եւ եթե մենք գործը ուղարկում ենք իրավապահ մարմիններին, հետագա պատժելու, գործին ընթացք տալու խնդիրն արդեն իրենցն է, եւ արդեն իրենցից պիտի ստանանք հաղորդագրություն»,- հայտարարեց Սոնա Ղարիբյանը, ըստ էության չցանկանալով հանրությանը տեղյակ պահել, թե իրականում ինչ է բացահայտվել «Նաիրիտի» ֆինանսական փաստաթղթերի 3-ամյա ուսումնասիրության արդյունքում: