Operativ.am-ը գրում է.

Հեռուստառադիոընկերությունների գործունեության մասին օրենքի համաձայն՝ կոնտենտի 55 տոկոսը պետք է լինի հայրենական արտադրության։ Հայաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, այս պահանջը կատարվում է։ Այս մասին ապրիլի 10-ին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ, ասել է կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանը։

Ընդ որում՝ նա նշել է, որ մարզերում իրավիճակն այլ է, եթե չասենք՝ «աղետալի»։ «Մարզային հեռուստաալիքներից մեկում, օրինակ, կոնտենտի միայն 18 տոկոսն էր հայրենական արտադրության»,- ասել է Հակոբյանը՝ ավելացնելով, որ հայրենական կոնտենտը հիմնականում բաղկացած է եղել լուրերի ծրագրից, իսկ մնացածը օտար լեզվով ֆիլմեր են եղել՝ առանց հայերեն թարգմանության եւ սուբտիտրների (խոսքը ռուսերենի մասին է- խմբ.)։

Պաշտոնյան միաժամանակ տարակուսաք է հայտնել այն առնչությամբ, որ հեռուստառադիոընկերությունների գործունեության մասին օրենքում «հայրենական» են համարել այն արտադրանքը, որը չի արտադրվել Հայաստանում, բայց որը հետո թարգմանվել է հայերեն։

Ինքը՝ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը, որն այս պաշտոնին նշանակվել է վերջերս, կարծում է, որ «հայրենական» կոնտենտի նշաձողը պետք է բարձրացվի 55-ից 75 տոկոսի։ Պատգամավորների հարցին՝ չի՞ կարելի արդյոք այն բարձրացնել մինչեւ 100 տոկոս, Տիգրան Հակոբյանը պատասխանել է, որ դրա համար լուրջ ֆինանսական ներարկումներ են հարկավոր, որոնք իրենք չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել