«Առավոտ»-ը հրապարակել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանից վերցված հարցազրույցը, որտեղ վերջինս հետաքրքիր մանրամասներ է պատմում Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում ժամանակավոր փոխարինած Արա Դոլունցի մասին: Պարբերականը գրում է.
««Քսան տարի առաջ, ի թիվս բազմաթիվ մարդկանց, մասնակցել եմ Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Արա Դոլունցի հոր հուղարկավորությանը: Հավաքված 200 հոգու ներկայությամբ Արան մի ցնցող հայտարարություն արեց, թե իր անմիջական ղեկավար` շրջխորհրդի գործկոմի նախագահ Ռոբերտ Ալեքսանյանը իր կյանքում ունեցել է հորից ոչ պակաս դերակատարություն: Արան ասաց` քանի դեռ Ռոբերտ Արմենակիչը կա, ինքը չի ընդունելու, որ ծնողազուրկ է: Դրանից ամիսներ հետո, երբ ստիպված եղա ինձ ազատել Գորիսի քաղխորհրդի եւ գործկոմի նախագահի պարտականություններից եւ այդ մասին հայտարարեցի, այդ հայտարարությունից առաջ դիմեցի Ռոբերտ Ալեքսանյանին` զգուշացնելով, որ ունենալու է աշխատանքային դաժան վերջաբան: Նրան ասացի, որ շուտով նրա դեմ են դուրս գալու իր իսկ նշանակած պաշտոնատար անձինք, նախ եւ առաջ իր տեղակալները` նկատի ունեի հատկապես Դոլունցին:
Մեկ տարի հետո իրականություն դարձավ իմ կանխատեսումը: Արա Դոլունցը` Ռոբերտ Ալեքսանյանի տեղակալը, առաջինը ստորագրեց իրեն այդ պաշտոնին նշանակած Ալեքսանյանի պաշտոնանկության պահանջի տակ: Սա էլ բարոյականության արադոլունցյան ընկալումն է»,- պատմեց պարոն Հարությունյանը: Նրա խոսքերով, Ա. Դոլունցը դա արել է Սուրիկ Խաչատրյանի հանձնարարականով.
«Պետք է ազատվեին Ռոբերտ Ալեքսանյանից, որ ոչ միայն Գորիսը, այլև ամբողջ տարածաշրջանը ենթարկվեր Սուրիկ Խաչատրյանին: Նա ամբողջությամբ պետք է վերցներ տարածաշրջանի իշխանությունը եւ դարձներ իր սեփականությունը: Այդ ամենին նպաստել է Արա Դոլունցը: Այդ պահից սկսած՝ արդեն 18 տարիներ Արան, ենթարկվելով Սուրիկ Խաչատրյանին, նրա հետ միասին հեղինակել է բազմաթիվ ապօրինություններ, պետական ունեցվածքի յուրացումներ եւ չարաշահումներ...»»:
Ըստ այդմ, հասկանալի է լրիվ, թե բարոյահոգեբանական ինչ բնութագրի տեր է պարոն Դոլունցը, ինչը սակայն դժվար է անակնկալ համարել` հաշվի առնելով այն, որ Դոլունցը արդեն գրեթե 20 տարի հանդիսանում է Լիցկայի մերձավոր շրջապատի մշտական ներկայացուցիչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/322465287887242?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել