Քաղաքների ու գյուղերի բազմաթիվ նախագծեր կան, որոնք մշակում են դիզայներներն ու ճարտարապետները: Սակայն դրանցից շատ քչերն են ստանում այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների անմիջական աջակցությունը, ինչպիսին ՄԱԿ-ն է: Բացառություն է դարձել ճարտարապետ Բյարկե Ինգելսի՝ լողացող քաղաքի հետևյալ նախագիծը:

ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին է ներկայացվել մի նախագիծ, որը կազմակերպությունը համարում է լիովին իրագործելի և պատրաստ է աջակցելու դրան: Խոսքը գնում է Բյարկե Ինգելսի և Oceanix կազմակերպության համատեղ հայեցակարգի մասին. Oceanix-ը զբաղվում է լողացող կոնստրուկցիաների նախագծմամբ: Լողացող քաղաքն իրենից ներկայացնում է վեցանկյուն հարթակների հավաքածու, որոնցից յուրաքանչյուրն ունակ է տեղավորելու 300 բնակչի:

Ըստ կառուցողների՝ վեցանկյունը բնության մեջ հաճախ է պատահում և համարվում է ամենաարդյունավետ կոնստրուկցիաներից մեկը: 6 վեցանկյունների խումբը գյուղ է կազմում, իսկ 6 գյուղը միասին դառնում է 10,000 մարդու համար նախատեսված քաղաք: Տներն ունենալու են 4-7 հարկ, ոչ ավելի, որպեսզի հնարավոր լինի ապահովել կոնստրուկցիայի ամրությունն ու կայունությունը:

Քաղաքն իրականում ամբողջապես լողացող չէ. հարթակներն ամրացված են լողափին, որը գտնվում է խոշոր քաղաքներից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա: Հենց այս եղանակով են նախագծողները որոշել լուծել միանգամից գլոբալ մի քանի խնդիր՝ խոշոր քաղաքներում բյուջետային բնակավայրերի պակասը, սառցաշերտերի հալման արդյունքում ծովի մակարդակի բարձրացման պատճառով ծովափնյա տարածքների խորտակումը և այլն:

Oceanix City-ում հասարակական կառույցներ ևս լինելու են՝ մշակութային և հոգևոր կենտրոն, գրադարաններ և հաղորդակցման կենտրոններ: Որպես տրանսպորտ օգտագործվելու են անօդաչու սարքերն ու հեծանիվները. ավտոմեքենաները լողացող քաղաքում տեղ չեն ունենալու: Չեն լինելու նաև աղբատարներ, քանի որ աղբը հատուկ խողովակների միջոցով փոխանցվելու է աղբի տեսակավորման կենտրոններ՝ մշակվելու: Նախագծվում է նաև ջրային հորիզոնների համակարգ, որտեղ հատուկ սարքավորումների միջոցով շրջապատող մթնոլորտից ստանալու են խմելու թարմ ջուր: Իսկ ահա հարթակների տակ գործարաններ կբացվեն. այդ եղանակով քաղաքը կկարողանա դառնալ ինքնուրույն ջուր և սնունդ հայթայթելու ոլորտում, ինչը հատկապես կարևոր է փոթորիկների ժամանակ:

Ի դեպ, լողացող քաղաքը կկարողանա դիմակայել մինչև 5 բալ փոթորկի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լողալ դեպի ապահով վայր:

Ֆինանսավորման հարցը դեռևս չի քննարկվել, սակայն նախագծի հեղինակները հույս ունեն, որ ներդրողներն ակտիվ մասնակցություն կունենան այդ գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել