Անակնկալները շարունակվում են: Հիմա էլ քննարկվում է «ՀայՌռուսգազարդ»-ի վերջին 20%-ի՝ «Գազպրոմ»-ին հանձնելու հարցը: Քննաշրջանն ավարտվեց, նախագահը «ընտրվեց»։ Երևանի ավագանին «ընտրվեց». եկել է պտուղները վայելելու բաղձալի պահը: Հիմա պետք է մտածել, թե էլ ինչ կա ծախելու, գնորդը միշտ էլ կա, իսկ ինքնարժեքը զրո է հայաստանյայց «վայ» իշխանավորների համար` ո՛չ գումար են ներդրել, ո՛չ քրտինք են թափել. ի՞նչն է խանգարում վաճառել ամեն ինչ ու վերջանալուց հետո քոչել Հայաստանից:
Ու այս՝ երևի «վերջին վրձնահարված»-ն արվում է մի երկրում, որտեղ բոլոր ենթակառուցվածքները պատկանում են ոչ հայերի: Պատկերացնո՞ւմ եք, որ մի օր, ասենք, մեր դարավոր «բարեկամ» Ռուսաստանը որոշի, որ իր «Փոքր եղբայր» Հայաստանն իրեն հեչ լավ չի պահում, ինչ կլինի: Երկաթուղային ցանցը պատկանում է նրանց, քաղաքային հեռախոսացանցը և բջջային ցանցի գերակշիռ մասը պատկանում են նրանց, գազը մատակարարում են նրանք, ինտերնետ կապը՝ նրանք, բանկային համակարգի գերակշիռ մասն աշխատում է նրանց կապիտալով, հայերիս մի մեծ մասն ապրում է հենց Ռուսաստանում գտնվող «խոպանչիներ»-ի ուղարկած գումարներով… Իսկ, որ ամենակարևորն է, մեր «մեծ եղբայր»-ը բավականին զորք ու տեխնիկա ունի՝ Հայաստանը մի քանի ժամում Ռուսաստանի հեռավոր գավառ սարքելու համար:
Թեկուզ, եթե այս ամենին մի փոքր այլ ասպեկտից նայելու լինենք, առանց դժվարության կարելի է նկատել, որ «մեծ» և «փոքր» եղբայրների դարավոր «բարեկամությունը» ոչ այնքան ազգակցական կապի արդյունք է, որքան՝ փոխադարձ շահերի համընկնում: Ու Հայաստանը պետք է այդպիսի երկյուղածությամբ չնայի Ռուսաստանի հետ «գզվռտվելու» հեռանկարին, քանի որ Անդրկովկասում Ռուսաստանի միակ հենարանը Հայաստանն է, և անցել են բիրտ ուժով հարցեր լուծելու ժամանակները: Այստեղ ավելի շատ դերակատարություն ունի ոչ թե քաղաքական շահն ու տնտեսապես ու քաղաքապես Ռուսաստանից կախված լինելը, այլ Պուտինի՝ որպես առաջնորդի՝ հայաստանյան իշխանությունների վրա մեծ ազդեցությունը: Մինչև վերջերս Հայաստանի արտգործնախարարությունը բավականին կոկետությամբ «մռութ» աղջկա նման սիրախաղ էր անում թե՛ ԵՄ-ի, թե՛ Եվրազեսի հետ, ինչը, անկախ քաղաքական բարոյականության սկզբունքներից, արդարացվում էր, սակայն Պուտին հայրիկի համբերությունը հատեց ու որոշեց ձգել աղջկա կապերը. Կուրղինյան պապիկին ուղարկեց աղջկա տուն՝ մեծական խրատներ տալու:
Մեր ռազմավարական գործընկեր` համատեղության կարգով «մեծ ախպեր» Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, որպես զգոնության մեսիջ՝ որոշել է զենք վաճառել Ադրբեջանին: Սա նույնպես ցայտնոտի մեջ կգցի մեր իշխանություններին, ու «Գազպրոմը» կդառնա 100%-ոց փայատեր:
Մի օր էլ կարթնանանք ու կտեսնենք, որ ապրում ենք ռուսական մի հեռավոր անկլավում, քանի որ մեր իշխանությունները, ինչպես բոլոր կարևոր որոշումների դեպքում, նախօրոք չեն հայտնի, որ գոնե հոգեբանորեն պատրաստվենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/590641424309026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել