20-րդ դարասկզբին հայ հայրենասիրական երիտասարդության անվերապահ կուռքն էր հանդիսանում խիզախ հայուհի Ռուբինա (Սոֆի) Արեշյան-Օհանջանյանը (1881, Թիֆլիս - 1971, Կանադա): Նա տակավին 24 տարեկան էր, երբ 1905-ին Պոլսում իր զինակիցների հետ նախապատրաստեց և իրականացրեց սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ մահափորձը: Այդ գործողության ընթացքում ժամացույցի գործարկման միջոցով պայթեցվեց կառքում տեղադրված ռումբը, բայց սուլթանը հրաշքով ողջ մնաց:
Ռուբինան ծնվել էր Թիֆլիսի կալվածատիրոջ ընտանիքում և վաղ հասակից ներգրավվել հայ ազգային ազատագրական շարժմանը: Լինելով վերին աստիճանի համարձակ և նպատակասլաց անձնավորություն՝ նա իր բարձր անհատականության շնորհիվ շուտով ընդգրկվում է Դաշնակցություն կուսակցության այն խմբում, որը պետք է Քրիստափոր Միքայելյանի ղեկավարությամբ ձեռնարկեր հայատյաց Աբդուլ Համիդի վրա մահափորձը: Դա լինելու էր հայ ազգային ուժերի պատասխան գործողությունը՝ «արյունոտ» սուլթանի կողմից 1904-ի Սասունի ապստամբության դաժան ճնշմանը, որին զոհ գնացին մոտ տասը հազար հայորդիներ: Սակայն մահափորձի նախապատրաստման արդեն վերջնական փուլում տեղի է ունենում անսպասելին. Քրիստափորը զոհվում է ռումբի փորձարկման ժամանակ: Առաջնորդի մահը ծանր հարված էր, սակայն Ռուբինան պնդում է, որ գործողությունը չպետք է չեղյալ համարվի, և որոշվում է այն հասցնել ավարտին:
Մահափորձը պլանավորվում է իրականացնել Պոլսի Ելտըզ մզկիթի մուտքի մոտ, որտեղ ամեն ուրբաթ իր վերնախավի հետ նամազ էր անում սուլթանը: Նախնական մտահղացմամբ՝ Ռուբինան պետք է անձամբ ռմբահարեր սուլթանի շքախումբը, սակայն որոշվեց փոխել այդ տարբերակը` որպես բազում վտանգներով լի: Մահափորձի իրականացման համար մեծ դժվարությամբ ձեռք է բերվում թանկարժեք կառք, որի մեջ գտնվող հատուկ թաքստոցում տեղադրվում է ժամացույցով գործարկվող հզոր ռումբ, որը պետք է պայթեր սուլթանի` մզկիթից անմիջապես դուրս գալու պահին: 1905-ի հուլիսի 21-ին Ռուբինան և ընկերները կարողանում են ռումբով կառքը հարմար կայանել մզկիթի մուտքին հնարավորինս մոտ և որոշված ժամով աննկատ գործարկել ժամացույցը: Երբ գալիս է պահը, ողջ Պոլիսը ցնցվում է ուժգին պայթյունից: Գործողությունից զոհվում են տասնյակ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն սուլթանը մզկիթից դուրս գալու պահին մի ակնթարթ հապաղում է և հրաշքով ողջ է մնում:
Հետագա տարիներին Ռուբինան դառնում է Հայաստանի առաջին հանրապետության ապագա վարչապետ Համո Օհանջանյանի կինը՝ ցարական կառավարության կողմից 1908-ի «Դաշնակցության դատավարության» շինծու գործով դատապարտված և Սիբիր աքսորված Օհանջանյանի հետ մեկնելով աքսորավայր:
Օհանջանյանները Հայաստան են վերադառնում են 1915-ի սկզբին, իսկ 1921-ին` Առաջին Հանրապետության անկումից հետո, նրանք հաստատվում են Կահիրեում, որտեղ Ռուբինան եռանդուն հայապահպան գործունեություն է ծավալում Համազգային հայ կրթական և մշակութային միությունում, որի հիմնադիրներից մեկը և երկարամյա նախագահն էր Համո Օհանջանյանը: Ամուսնու մահից հետո նա տեղափոխվում է Կանադա, որտեղ էլ 1971-ին մահանում է 90 տարեկան հասակում` մինչև կյանքի վերջը պահպանելով իր անկոտրուն հայրենասիրական ոգին:
Ռուբինա Արեշյանի արխիվային լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի ՖԲ էջից: