Անկեղծորեն խոստովանում եմ, որ ինձ համար էլ դժվար ա, շատ դժվար ա հաղթահարել որոշ կարծրատիպեր, նույնիսկ եթե դրանք խորապես գիտակցված են: Հնարավոր է՝ դրանք երբևէ իմ ներսում չհաղթահարվեն էլ: Ու և՛ ընդունում եմ, որ հանրության մեծամասնությունը նույն արժեհամակարգի կրող է, և՛ հասկանում եմ էդ մարդկանց, նրանք նույնպես պատրաստ չեն, ու ոմանք, հնարավոր է, էդպես էլ պատրաստ չլինեն:
Մեծացել եմ խորհրդային բակերում, ավանդական (ինչպես ընդունված է անվանել) հայկական ընտանիքի դաստիարակություն եմ ստացել և այլն, և այլն, բայց էդքանով հանդերձ որոշ հարցադրումներ կան, որոնք օդում կախված են մնում.
1. Հայաստանում կա՞ն մարդիկ, որոնք չեն կարող օգտվել ՀՀ քաղաքացու իրավունքներից՝ պայմանավորված որոշ այլ մարդկանց կողմից իրենց հանդեպ վերաբերմունքով:
2. Հայաստանում կա՞ն մարդիկ, որոնց վրա չեն անդրադառնում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները նույն պատճառով:
3. Ազգային ժողովը ներկայացնում է ՀՀ բոլո՞ր քաղաքացիների շահերը, թե՞ կան բացառություններ: Որո՞նք են դրանք, եթե կան:
4. ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլո՞ր մարդկանց իրավունքներն է պաշտպանում, թե՞ կան բացառություններ:
5. Երբ ասում ենք իրավունքներ, հասկանում ենք իրավունքներ միջազգայի՞ն ստանդարտներով, հայաստանյա՞ն (հայկակա՞ն) ստանդարտներով, թե՞ մեզնից յուրաքանչյուրի սուբյեկտիվ պատկերացումների ստանդարտներով:
6. ...
Ընդհանրապես, արժի՞ էս մասին սկսել խոսել, թե՞ չէ: