«Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտնի հայտարարությունից հետո Իսրայելն արդեն իսկ մշակել է այդ տարածքների զարգացման ծրագիր, որը ենթադրում է ավելացնել բնակչությունը և հասցնել մոտ քառորդ միլիոնի, ստեղծել նոր քաղաքներ, նոր ենթակառուցվածքներ և այլն: Այլ կերպ ասած, Իսրայելն արդեն իսկ ձեռնամուխ է լինում վերաբնակեցման քաղաքականության: Անշուշտ, միամիտ է կարծել, որ ծրագիրը մշակվել է նոր, սակայն սա արդեն կարևոր չէ: Կարևոր է մոտեցումը, որը պետք է օրինակ լինի նաև Հայաստանի, հայկական կողմի համար՝ արցախյան հարցում:

Թրամփի հայտարարությունից հետո հայաստանյան փորձագիտական դաշտն արձանագրեց, որ սա որոշակի նախադեպային խաղաքարտեր է տալիս հայկական դիվանագիտությանը, որն ուղիղ և բաց օգտագործելը դժվար պատկերացնելի է, սակայն որը հնարավոր է կիրառել դիվանագիտական խոհանոցում: Սրան հաջորդում է մեկ այլ «նախադեպ» Հայաստանի համար՝ վերաբնակեցումը: Այս դեպքում չակերտներով, քանի որ, խոշոր հաշվով, վերաբնակեցման մասին Հայաստանում և Արցախում խոսում են վաղուց, սակայն գործնական առումով վերաբնակեցում տեղի է ունեցել միայն Լաչինում ու Քարվաճառում, այն էլ, մեծ հաշվով, ոչ բավարար արդյունավետությամբ և ռազմավարությամբ: 

Միևնույն ժամանակ, խնդիրը ամբողջական հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների, այդ թվում՝ Արաքսի հովտի վերաբնակեցումն է, որը անցնող քառորդ դարում փաստորեն եղել է լիովին բարձիթողի վիճակում: Թե ինչու, մնում է միայն ենթադրել: Ավելին, աղաղակող էր, երբ հայկական կողմը 2004 թվականին հպարտանում էր ԵԱՀԿ մոնիթորինգի խմբի առաջ, թե չի վերաբնակեցրել տարածքները, երբ խումբն Ադրբեջանի պահանջով իրականացնում էր հենց այդ հարցի մոնիթորինգ:

Սա, իհարկե, ընդհանուր առմամբ քառորդ դարի անհամարժեք քաղաքականության հետևանքն էր, որը ցավալիորեն պայթեց Ապրիլյան պատերազմում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել