Պրոֆեսիոնալ բռնցքամարտում հաղթողը որոշվում ա կա՛մ մենամարտի վերջում՝ միավորների հաշվարկով, կա՛մ ժամանակից շուտ՝ «նոք աութով»։ Վերջինի պարագայում մեկ հարվածը կարող ա որոշիչ լինել, և պարտադիր չէ՝ «նոք աութով» հաղթողը մինչ այդ պահն առավելություն ունենա հակառակորդի նկատմամբ։ Պարտվողը կարող է ավելի պատրաստված թվալ, միավորների քանակով առաջ լինել, նույնիսկ «նոքդաունի» ենթարկել հակառակորդին, բայց էդ ամենը՝ մինչ որոշիչ հարված ստանալու պահը։
Պատերազմի տրամաբանությունն էս առումով շատ նման ա բռնցքամարտին։ Մենք միավորների առավելություն ունենք հակառակորդի/թշնամու նկատմամբ, կարողացել ենք «նոքդաունի» ենթարկել նրան, բայց մենամարտն ավարտված չէ։
Էսօր շատերն են խոսում պատերազմում հաղթողների ու պարտվողների մասին։ Պատերազմներում հաղթողներ, իհարկե, կան, բայց մեր պատերազմն ավարտված չէ, հետևաբար չենք կարող պնդել, թե մենք հաղթել ենք։ Մենք մեր «օպոնենտին» թերագնահատելու իրավունք չունենք։ Մենք չենք կարող մեծամտանալ ու ժամանակից շուտ մեր ձեռքերն իջեցնել, որովհետև «նոքդաունը», որպես կանոն, հանկարծակի, անսպասելի և հուժկու հարվածի արդյունքում ա վրա հասնում։ Երբեք, ոչ մի պարագայում չի կարելի ասել կամ կարծել, թե դիմացինը նման հարված հասցնել չի կարող։ Թե՛ պատերազմում, թե՛ բռնցքամարտում շատ կարևոր են արագությունը, ուժը, ռեակցիան, բայց դրանք ոչինչ են, եթե հարվածներ ընդունել ու դրանց դիմանալ չես կարողանում։ Դիմացկուն լինելդ անգամ քեզ չի փրկի, եթե մենամարտի կեսից որոշես, թե դու արդեն հաղթել ես ու «բացվես», ծաղրես հակառակորդիդ, կարծես, թե նա այլևս ի զորու չէ քեզ վնասելու։ Մենք միշտ պիտի հիշենք, որ թշնամին ցանկացած պահի կարող ա մեկ որոշիչ հարված հասցնել։ Միշտ պիտի հիշենք, որ հաղթանակը հաճախ համբերություն, նպատակասլացություն, հաշվարկ և քրտնաջան աշխատանք ա պահանջում, իսկ միավորներով հաղթանակն ավելի լավ ա, քան «նոքաութի» ծարավի կամ դիմացինի ուժասպառ տեսքի պատճառով թուլացած զգոնությունը։
Մեր կռիվն ընթացքի մեջ ա, ամենը ցույց ա տալիս, որ հաղթանակը մերը պիտի լինի, բայց մենք պիտի պատրաստ լինենք թշնամու «երկրորդ շնչառությունը» ֆիքսելու, հարվածներին դիմակայելու և մենամարտն իր ավարտին հասցնելու։